—Ծո՛, պատրիարք կնստեցնեինք, կհանեինք․․․ Անոնք ալ թեք չէին մնար, էսնաֆին դեմ ասկեր հանել կուտային։ Փողոցներու մեջ էսնաֆը կուրծք-կուրծքի կկռվեր, ան ալ ինչ զալիմ ժամանակներ։ Դեմիրճի Եղիան և քյոսելեճի Նշանը գիշերով կախեցին։ Մեկալ առտուն մեկի տեղ հազար Եղիա, հազար նշան մեջտեղ ելան։ Պատրիարքը վախեն տեղը ըրեր էր, գլուխը լաչակ կապած՝ համախոհներուն հետ ետևի դռնեն փախեր, Մաքրիգյուղ գացեր էր։ Թող էսնաֆը ոտքի ելլեր, փողոցներու քարերն անգամ հոգի կառնեին, կկռվեին։ Սա մեր քաղաքը շատ բան տեսած է, լեզու ունենար, խոսեր․․․ ամա ան ատեն մարդոց դամարներուն մեջ արյուն կար, հիմիկվան մարդոց դամարներուն մեջ արյունը ջուր կտրեր է։ Դուն ինչ կըսես կոր, բե՜․․․
Հուրիյեթեն հետո Վասիլը կրկին ձեռք առեր էր իր ծրագիրը. այլևս չկային համիդյան ռեժիմի արգելքները, բայց զանազան ազգային և համազգային կազմակերպություններ բուսեր էին, որոնք, օգտվելով սահմանադրության հռչակման առաջին օրերու ցուցարար խանդավառութենեն, կճգնեին ներգրավել ժողովուրդի բոլոր խավերը նույն կազմակերպություններու մեջ։ Վասիլը և Բարպան կզգային, որ աշխատավորներու շահերը տարբեր են և պետք չէ ամեն ինչ իրար խառնել, բայց իրար հաջորդող դեպքերեն շշմած էին և հազիվ թե սթափվեցան, երբ նոր փոթորիկներու հոտը զգալի դարձավ։ Ռեակցիայի օրերը դաժան հետևանքներ ունեցեր էին կարգ մը գավառներու մեջ, և հուրիյեթը թեև հաղթական, բայց հերաթափ դուրս եկեր էր այդ փորձության օրերեն, և նոր հարձակումներու սարսափեն մղված, անիկա սկսած էր սիրաբանել ռեակցիայի հետ, հարմար անկողին փնտրել այդ հրեշային ամուսնության համար։ Ուրեմն հուրիեթը իր հմայքը կորսնցուցեր էր լայն զանգվածներու համար, և ազգաբնակչության զանազան խավերը, որ առաջին ոգևորության օրերուն իրենց հուներեն դուրս եկեր էին և աստիճան մը իրենց ջուրերը իրար խառներ էին, այժմ կքաշվեին, կմտնեին իրենց պատյանները։ Մյուս կողմանե, գործերը սակավցեր էին, և այդ զգալի էր մանավանդ կառաշինության մեջ։ Համիդի արքունիքի շրջապատը և անոնց արբանյակներն