Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու ընկերներու համերաշխությունը կատարյալ էր։ Անոնք իրար կսիրեին ջերմ սիրով և պատրաստ էին մինչև իրենց արյունը թափել իրարու համար:

Սկզբները Խաչիկը մեծ համարում ունեցեր էր Զարեհ էֆենդիին համար, որ կհամարեր լուսավորյալ մարդ, եվրոպական գաղափարներ կրող։ Այդ կարծիքը հառաջացեր էր Խաչիկին մեջ այն պատճառով, որ Զարեհ էֆենդին խստորեն կքննադատեր Արիստաքի էֆենդիին գործելու եղանակը և անոր վարմունքը թե՛ հաճախորդներուն և թե՛ բանվորներուն նկատմամբ։

— Հին գլուխ մարդ է, խավարամիտ,— կըսեր Զարեհ էֆենդին,— ոչինչեն հառաջ եկած չտեսին մեկն է․․․ Իր շահը կփնտրե խնայողության և խաբեբայության մեջ։ Տասնհինգ օր սակարկություն կընե հաճախորդեն քանի մը ղրուշ ավելի փրցնելու համար, տասնհինգ օր ալ կսակարկե առած նյութերուն վրա քանի մը ղրուշ ավելի վաստակելու համար․․․ Պիացային վրա եղող բոլոր երկաթի վաճառականները օձիք կթոթվեն, երբ անունը լսեն, ծակե-ծակ կփախնին։ Մեկ խոսքով, ոչինչ մարդ է․․․ Ատանկ գործ չըլլար, բայց ես քովը եղած ատենս բան մը չէի ըսեր, ինչո՞ւս պետք․․․ Բայց ես իմ գաղափարս ունեի, քեզմե չեմ ծածկեր, Խաչի՛կ, դուն աչքդ բաց տղա կերևաս կոր։

Եվ Զարեհ էֆենդին կպարզեր իր գաղափարը.

— Ժամանակները փոխված են, մենք՝ մարդիկս ալ պիտի փոխվինք, ապա թե ոչ տակը կմնանք։ Աստեղ Եվրոպայի քիթին տակն ենք, դեռ եթե շիտակը կուզես, Եվրոպա ենք։ Եթե այս հարուստ երկիրը, այս վաճառաշահ քաղաքը աս հեթանոսներուն ձեռքը չըլլար, գիտե՞ս ի՛նչ կըլլար․․․ Բայց հիմակ թողանք ատիկա։ Ինչ որ պիտի ըլլա, կըլլա իր տեղին և ժամանակին․․․ մենք մեր գործին նայինք։ Հին, ասիական ձևերով մենք այլևս գլուխ չենք ելլեր, պետք է որ մենք հարմարինք ժամանակին, Խաչի՛կ, տղա՛ս, Եվրոպան մեր դուռը կծեծե կոր․․․