էին գլխավոր հաճախորդները, իսկ այժմ անոնք չքացեր էին։ Արիստաքի էֆենդին ճարտարությամբ իր նավին ցռուկը դարձացուեր էր դեպի եվրոպացի հաճախորդները, իսկ Զարեհ էֆենդին, իր ուժերը լարած, կարծես կպատրաստվեր որսի մը վրա նետվիլ։ Երկու մրցակիցներու մեջ ստեղծված սուր վիճակը անհանգիստ մթնոլորտ ստեղծեր էր արհեստավորներուն համար, և ոչ միայն Բարպան, այլև Վասիլը կհասկնային, որ այս սպասողական դրության մեջ որևէ կազմակերպության մասին խոսիլը առայժմ ավելորդ է։ Անոնք, սակայն, ամեն օր իրար կհանդիպեին և համերաշխությամբ կխոսակցեին առօրյա հարցերու վրա։
— Քուկինդ Նիկոլային աշխատավարձը կրճատեր է,— ըսավ օր մը Վասիլը Բարպային,— բան մը ընելու է, խեղճը երեք չոճուխի տեր է։
Բարպան հետաքրքրվեցավ. ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ պատճառով:
Զարեհ էֆենդին ամեն ինչ հանձնած էր Խաչիկին, բացի հաշվապահությունը, որը կպահեր Արիստակես անունով լուսավորչականութենե կաթոլիկ դարձած նախկին վարժապետ մը, անիկա ստրկական քաղաքավարությամբ զինված, տարեց մարդ մըն էր, որուն միայն մուտքը և ելքը աշխատանոցին մեջ անսահման զվարճություն կպատճառեր արհեստավորներուն։ Անոնք, քահ-քահ խնդալով, իրարու կպատմեին, թե ինչպես Արիստակեսը իր տիրոջը շուներուն և կատուներուն իսկ կբարևե, և թե, օր մը, անիկա զարնվելով շինված կառքի մը, ներողություն խնդրեր էր։
Այդ նույն Արիստակեսը, սակայն, ամեն առիթե օգուտ կքաղեր իր տիրոջը շահերուն ծառայելու համար, կրճատումներ ընելու, պակաս դրամ տալու կամ սրբված քրիմից քշելու մտազբաղ բանվորներուն։
Ուրիշ անգամներ ալ Բարպան Վասիլին կմատնանշեր անարդարություն մը, որ տեղի ունեցեր էր Արիստաքիի արհեստանոցին մեջ։ Վասիլը կզայրանար, կբորբոքվեր, հայհոյություններ կըներ իր գործատերի հասցեին և հետևյալ օրն իսկ կջանար դարմանել պատահածը։ Եվ այսպես, գործնական և անմիջական խնդիրներու վրա