մեջտեղ կելլա․ այդ պատճառով ալ մարդս իր վիճակեն վեր բանի չպիտի ձգտի, եթե չուզեր ծիծաղելի ըլլալ. ասիկա թող քու ականջիդ օղ ըլլա, տղա՛ս։
Ժամանակով, Բերայի մեծ հրդեհեն առաջ, Շիշլի և Բանկալթի ամայի վայրեր էին, տարածուն խոպան հողեր, որոնց վրա հազիվ թե քիչ մը խոտ կբուսներ և ուր ոչխարներ կարածեին։ Գավառի և ավելի հեռավոր վայրերու գյուղերեն փայտահատներ և ածխագործներ իրենց սայլերը բեռցած կիջնեին մինչև հայոց հին գերզմանատունը, որուն եզրին տեղավորված էին քով֊քովի դարբիններ, պայտարներ, սայլագործներ։ Ասոնք համեստ աշխատանոցներ էին, տախտակով ծածկված բարաքներ, ուր արհեստավոր մը իր մեկ կամ երկու աշակերտներով կաշխատեր։ Անոնք կշինեին երկրագործներու պարզ գործիքներ, սայլանիվները կնորոգեին և ձիերը կպայտեին։ Արիստաքիի հայրը, որ պայտար էր, այդ շարքին մեջ փոքր կրպակ մը ուներ։
— Հայրը գեշ մարդ չէր,— կըսեր Զարեհ էֆենդին,— անիկա ճերմակ մորուքով, թոթով լեզվով, կոտրած քիթով մարդ մըն էր։ Ո՞վ գիտե, որ անցնող վարժապետը կամ տիրացուն Սոկրատես անունը տվեր էր անոր և վրան մնացեր էր, և ծերունին — խոսքը մեջերնիս — իրավ ալ Սոկրատին կնմաներ։ Փոքր եղած ատենս պարամանայիս հետ, որուն տղան աշակերտ էր քովը, երբեմն կերթայի անոր խանութը։ Պարամանաս, լսելով թե Սոկրատին հավկիթները — մոռցա ըսելու, որ հավնոց մը կպահեր խանութին ետևը ավելի աժան են, հաճախ կուգար Բանկալթի և ինձ ալ հետը կբերեր։ Ճիշտը ըսելով, խորամանկ կինը առած գինեն պակաս կներկայացներ հաշիվը, որպեսզի մայրս թողու, որ այդքան հեռու երթա հավկիթ գնելու համար։ Անիկա խանութին ետևը, հին տապանաքարի մը վրա կնստեր և տղուն հետ կտեսակցեր։ Ես այդ գաղտնիքը չհայտնեցի մորս, որովհետև այդ այցելությունները իմ ալ գործիս կուգային։ Կմտնեի մեկ խանութեն մյուսը, կդիտեի, թե ինչպես ձիերը կպայտեն, և երբ մուրճերու ձայնեն, սայլապաններու և պայտարներու ժխորեն հոգնեի, կուգայի Սոկրատեսի հավերուն հետ կիյնայի, կհալածեի, հեռու կքշեի և կզվարճանայի աքլորին