Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրարանցումը տեսնելով։ Երբ շատ չափը անցունեի, Սոկրատեսը կմիջամտեր և ինձ բան մը կըսեր, որ չէի հասկնար, բայց այդ ալ ինձ կզվարճացներ, որովհետև կարծես թե բերնին մեջ քարեր պահած էր։ Օր մըն ալ մայրս իմացեր էր, որ պարամանաս անպատիվ կին է, հեռու տունե֊տեղե, այդ տղան ապօրեն է եղեր, մայրս ճամփեց զինքը, և այլևս Սոկրատեսը չտեսա։

Արիստաքին հորը քով գործի մտեր էր և քիչ մը ատեն ետքը հայրը քաշվեր և տղուն հանձներ էր խանութը։ Խորամանկ հույնը անմիջապես հասկցեր էր, որ ոսկիի հանք մը կա իրենց դիմացը տարածված խոպան հողերուն մեջ։ Երկրաչափներ կուգային, կչափեին, ցիցեր կդնեին և դրամատերեր, չնչին գումարներով, խայմեով կգնեին ընդարձակ հողեր։ Արիստաքին, ծայրահեդ խնայողությամբ ապրելով, քանի մը ոսկի խնայած էր, իր հորաքույրը, որ նպարավաճառի մը այրին էր և անզավակ էր, ոսկի զարդեղենները փոխ տվավ Արիստաքիին, որ օգուտ քաղելով խայմեի գահավեժ անկումեն, մեկ օրվան մեջ ոսկիները խայմեի վերածեր և մեծ գետին մը գներ էր։ Բանկալթիի հողերը տերունական էին, կառավարությունը չէր կրնար մերժել իր հրապարակ հանած թղթադրամները, մանավանդ որ շահագրգռված մարդիկ կային, որոնք իրենց ետևը ունեին ֆրանսիացիներ։ Խայմեները երաշխավորված էին ֆրանսիական պետական բանքայեն։

Վերջապես, երկար կըլլա քեզ բացատրելը, թե ինչեր կանցնեին, կդառնային,— ըսավ Զարեհը։— Շատ տխմարներ մոխիրի վրա նստեցան, անոնք կըսեին, թե ինչպե՞ս չհավատան ֆրանսիական բանքային կնիքը կրող թուղթերուն. անոնք իրենց ստորագրությունը կհարգեն, կըսեին ատ մարդիկ, իրենց թքածը չեն լզեր։ Անոնք ոչ միայն չէին ծախեր կամ ծախսեր խայմեները, այլև դեղին ոսկիի փոխարեն սնդուկներով կառնեին կպահեին։ Դեռ տուն֊տեղ կծախեին, իրենց կիներուն ըռզակները, ներողություն, գոհարեղենները շուկա կհանեին և խայմե կգնեին։ Ողորմած հոգի հայրս, աստված լուսավորե հոգին, շատ բան գիտեր այդ խայմեին վրա, շատ բան կպատմեր։ Ինչ մարզիկներ խաբվեր, մոխիրի վրա նստեր էին․․․ ալ ինչ նշաններ ետ ղրկվեր էին, ինչ