Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Դժվար է երևակայել ավելի դաժան, ավելի դիվային ծաղը՝ ուղղված և՛ Հայաստանի, և՛ սոցիալիզմի հասցեին, քան ախտավոր մտայնությամբ բռնված հայ մարդկանց ձգտումը այսօր և հետո, բռնի ուժով փորձ անել մտցնելու այս ավերակ ու դժվախտ երկրում սոցիալիստական կարգեր:

Եթե անտարակուսելի է, որ այդպիսի մարդկանց շարքում կան ոճրագործ, բախտախնդիր տարրերը, որոնք, «կարմիր», «հեղափոխական», «կոմունիստական» ֆրազների տակ թաքնվելով, հետապնդում են իրենց անձնական մութ նպատակները, պղտոր ջրում ձուկ են կամենում որսալ, – ապա, նույնքան անտարակուսելի է, որ կան նաև մոլորված մարդիկ (և նրանք անշուշտ մեծամասնություն են կազմում), որոնք իրենց շատ երիտասարդ հասակի, կարճատեսության, թեթևամտության, տեմպերամենտի կամ տգիտության պատճառով ի վիճակի չեն իրենց պարզ հաշվի տալու, թե ի՞նչ են անում և ի՞նչ են իրոք ձգտում:

Ահա այդ մարդկանց է, որ ես ուղղում եմ իմ խոսքը:

I
Ֆրազներն ու փաստերը

Մարդկային պատմության մեջ հազիվ թե գտնվի մեկ ուրիշ քաղաքական կուսակցություն, որ այնքան կարճ ժամանակում այնքան հիմնական կերպարանափոխման ենթարկվեր, որքան ռուս բոլշևիկները: Այն, ինչ դեռ երեկ սրբության սրբոց էր նրանց համար, այսօր դարձել է միայն «բուրժուական նախապաշարմունք» և ծաղրի առարկա: Եվ, ինչ որ ամենից ավելի զարմանալի է, ոչ ոք այդ բոլշևիկներից, հրաժարվելով իր երեկ պաշտած դավանանքներից, որոնց համար նա այնքան մեծ կռիվ է մղել առաջ, չի զգում խղճի որևէ խայթ, մտքի որևէ տարակուսանք, կամքի որևէ տատանում: Կարծես մի ծանր բեռ է որ դեն շպտրում…

Երբ բոլշևիկները ձգտում էին տակավին իշխանության, թերևս ոչ ոք նրանցից ավելի մեծ մոլեռանդությամբ և անվերա-