Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Անշուշտ ամեն մի հեղաշրջում ունի իր ներքին գաղափարական մղումներն ու տրամաբանությունը, իր ուրույն ձևերն ու նշանակությունը, որոնք չեն կարող իրենց ինքնահատուկ դրոշմը չդնել իրերի ընթացքի վրա: Սակայն հեղաշրջման հետևանքների վրա ամենավճռական ազդեցությունն ունեն այն ռեալ ուժերը, որոնք կոչված են իրագործելու հեղաշրջման նպատակները: Այդ ուժերից է ի վերջո կախված հեղաշրջման բովանդակությունը և վախճանական ուղղությունը:

Այսպես, օրինակ, Ռուսաստանի սովետական հեղաշրջման բոլշևիկ ղեկավարները հրապարակ եկան սոցիալիստական նշանաբաններով և զուտ բանվորական քաղաքական նպատակներով իրենց կատարած հեղաշրջման նրանք տվին իրենց կամեցած ձևը, բայց նրանց առաջնորդած հեղաշրջման բովանդակությունն ու վախճանական ընթացքը միանգամայն հակառակ դուրս եկավ նրանց սկզբնական նպատակներին, որովհետև այն ռեալ ուժերը, որոնց միջոցով նրանք հարկադրված էին պաշտպանել իրենց իշխանություննը և իշխանության նոր ձևերը, բաղկացած էին գերազանցապես գյուղացիներից, իսկ գյուղացիները հարկավ չէին կարող հեշտորեն լինել զուտ բանվորական պրոլետարական իշխանության համար, չէին կարող կույր գործիք լինել զուտ պրոլետարական նպատակների համար:

Մի ուրիշ, մեզ համար ավելի հրահանգիչ օրինակ կարող է լինել սովետական հեղաշրջումը Բաքվում 1918 թ. մարտ ամսին:

Այն ժամանակ, ինչպես կհիշի ընթերցողը, ռուսական զորքերի վերջին մնացորդներն էին փախչում Անդրկովկասից, տաճկական բանակների հորդաները արշվաում էին մեր սահմանների վրա, ամբողջ թրքությունը Կովկասում ոտքի էր կանգնել, և բովանդակ հայության ֆիզիկական գոյությունը վտանգված էր մահացու կերպով: Այդպիսի ողբերգական պայմաններում Բաքվի մեջ փակված հայ ռազմական ուժերը՝ ավելի հաջող կերպով թյուրքերի դեմ պաշտպանվելու համար՝ միացան ռուս բոլշևիկների հետ, որովհետև այդ միջոցով էր միայն, որ հայությունը կարող էր կապ պահպանել ռուսական Հյուսիսի հետ և այնտեղից թերևս ռազմական օգնություն ստանալ:

Հայկական զորքերը, որոնք իրենց ճնշող մեծամասնությամբ դաշնակցականներ էին, հարկավ ոչ մի գաղափարական հակում չունեին դեպի բոլշևիզմը: Բայց նրանք առանց որևէ դժվարության ենթարկվեցին Բաքվի սովետական նոր իշխա-