ե՛ւ ձայն, ե՛ւ նուազ, ե՛ւ երգ, ե՛ւ թռիչք հրաշքներ չե՞ն սրանք, որ ամէն օր հնչում ու բացւում են մեր կոյր ու խուլ աչք ու ականջին… Չե՞ս լսում արդեօք յաւիտենական արդարութեան ձայնը այս թափուող տերեւների մէջ, որ ընկնում են նորերին եւ լաւերին տեղ տալու համար եւ չե՞ս նշմարում յաւերժական գեղեցկութեան նախատիպարը այս դեոահաս աղջկայ հայեացքի եւ քայլքի մէջ… Եւ հրաշք չե՞ս դու ինքդ ու քո հոգին, որ անհունութեան խաւարից դուրս ես գալիս, որպէս ծաղիկը երկրի անլոյս ծոցից, եւ կայծակի լուսով տեսնում այս աշխարհն ու անյայտանում նոյն անհունութեան մէջ…
Բայց յայտնութիւնն աւելի խորանում է.
|
Հաւատի անկման եւ յուսախաբութեան րոպէներին թւում է թէ կեանքը անիմաստ մի խաղ է, «զաւեշտ ու հեշտանք». բայց այստեղ, երբ գտնուել է այն անխգելի կապը, որ կապում է մարդուն եւ տիեզերքն իրար հետ, կեանքն էլ ստանում է վեհ իմաստ:Պատահական, անարժէք եւ չնչին չեն ուրեմն ճշմարտութիւնն ու գեղեցկութիւնը, մենք կ՚աւելացնենք նաև բարութիւնը, այդ երրեակ միութիւնը, որ կազմում են կեանքի իմաստը: Նրանք տիեզերքի ձըգտումներն են, նրա իդէալներն են, որ խօսում, հնչում են մարդու մէջ: Տիեզերքն ինքը ձգտում է կատարելութեան, նա ճգնում է առաջ բերել կատարեալ ճշմարտութիւն ու գեղեցկութիւն, նաեւ բարութիւն, այդ իդէալները գիտակցական է դարձնում մարդու հոգում, կերպաւորում է նրա երեւակայութեան մէջ եւ ձեւաւորում մարդու ձեռքով իբր արձան ու շէնք, իբր նկար ու նուագ, իբր խօսք ու թիւ… Մարդը գիտակցական ծաղիկն է տիեզերական անգիտակցականի վրայ բուսած, նա է այդ լայնացող գանգի լեզուակը, որ խօսեցնում է անբարբառ տարերքին եւ հնչեցնում է շրջասփիւռ լռութիւնը ամէն ուղղութեամբ եւ ամէն խորշում…
Եւ իր հոգու ղօղանջով «արթնացած» բանաստեղծ—մարգարէն ամբոխ է մտնում «ազատութեան, վեհութեան երգով». իջնում է իր մտքերի Սինայից դէպի ներքեւ ծփացող «հարթ ու գորշ հսկայ զանգուածը», նրան «խայթելու եւ քարոզելու, եւ արտասուելու եւ այրուելու…»:
Եւ հնչում է դիակացած կեանքի վրայ մարգարէական ահեղաորոտը: