Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նոյն տրամադրութիւնը, նոյն «ահ»–երն ու «ուհ»–երը, նոյն գեղեցիկ բառերը, որոնք հնչում են ներդաշնակ, երաժշտական, բայց որոշակի չեն պատկերում մի առարկայ կամ մի դրութիւն, մի խօսքով նոյն քնարական վերաբերումը վիպական նիւթին, ուր աւելի հեղինակն Է երեւում քան նրա դիտած կեանքը:

Կրկնութիւնը միշտ ձանձրալի Է եւ ուր կայ Ահարոնեան՝ Ֆալեանն աւելորդ Է. նա շատ հետաքրքրական կը լինէր, եթէ հանդէս բերէր մի նոր շնորհք, մի նոր վրձին, մի նոր զգացում ու մտածում: Տուրդենեւը խորիմաստ նկատողութիւն է անում, երբ ասում է. «արուեստի մէջ «ինչը» չէ կարեւորը, այլ «ինչպէսը»: Եւ նոր նիւթ ընտրելը դեռ մեծ առաւելութիւն չէ, եթէ նրան մշակում ես չափազանց ծանօթ եղանակով: Պէտք է այս էլ նկատենք, որ «Հաշտութեան» նիւթը եթէ նոր է Ահարոնեանի վերաբերմամբ, նոր չէ Հր. Ֆալեանի համար, որովհետեւ իր էութեամբ նա նոյնն է, ինչ որ «Թշնամիների» նիւթը, տարբերւում են մանրամասները եւ միջավայրը՝ մի տեղ հիւանդանոցն է մի այլ տեղ կռուի դաշտը:

Գրուածքի մի ուրիշ գլխաւոր պակասութիւնը նիւթի եւ ձեւի աններդաշնակութիւնն է. ամէն նիւթ իր լեզուն ունի եւ իր մշակութեան ձեւը, որ բնականօրէն ու անհրաժեշտաբար բխում են նիւթից: Մի առօրեայ պատահար չի կարելի արտայայտել մարգարէական ոճով եւ ընդհակառակն մի հերոսական սխրագործութիւն մշակել գռեհիկ ձեւով:

Գեղջուկ թիւրքի եւ հայի հոգեկան կեանքը «Հաշտութեան» մէջ թարգմանւում է այնպիսի լեզուով, որ սազ կը գար աւելի մշակուած հոգիների վերլուծութեան համար. հեղինակը ոչ թէ դիտում ու որսում է այն, ինչ որ կարող է կատարուել երկու գեղջուկների հոգու մէջ, այլ իր մտածումը վերագրում է նրանց եւ իր սեփական մտքի ընթացքը նոյնացնում նրանց անմշակ մտքի առկայծումին:

Տեսէք ինչպէս է խօսում հայ գիւղացին. «Ես… այո՛, ես էլի որ եկայ դէպի քեզ, այս անիրաւ ժայռի տակ, ես Էի որ սպանեցի քեզ (ասում Է նա վիրաւոր թիւրքին) որ եթիմ թողի քո զաւակներին, որ պատճառ դարձայ քո տան աւերման, ե՛ս, այդ բոլորը ես էի, եւ ահա ըո առջեւն եմ հիմա, անիծի՛ր ինձ, նզովի՛ր, հայհոյի՛ր, ու նոյնիսկ սպանիր եթէ կ՞ուզես. ես ըո առջեւն եմ միշտ…» (էջ 77):

Նոյն ոճով խօսում է նաեւ թիւրքը…