ձայնընկերը՝ կազմելով նոյնքան ներդաշնակ ու զուղորդրւած մի ամբողջ։ Այս կարգի լուսագոյն յղացումներից մէկն է Իբսէնի «Վայրի բադը»: Մեր օրերում իրականութիւնն ու մտածումը սկսել են իրար չներդաշնակել. մարդկային հոգու զարգացման այս մոմենտը միայն կարող էր ծնել սիմբոլիք արուեստ: Բայց մենք դեռ շարունակում ենք ճշմարտութիւն ճանաչել մտքի եւ փաստի համերաշխութիւնը եւ արուեստը պէտք է այս ուղին բռնի: Պատկերն ինքն իր մէջ մի ամբողջ առանց հակասութեան. նրա ակնարկած հոգեկան վիճակները եւ մտքերի համակարգը նոյնպէս մի ամբողջ առանց հակասութեան. եւ երկուսն իրար զուգահեռ, իրար ծածկելով. այսպէս ենք հասկանում մենք ճշմարիտ սիմբոլիզմը։ Շանթը յաճախ շեղւում է այս ճամբից՝ վնասելով իր գործի կատարելութեան:
Մատնանշենք մթութեան մի վերջին պատճառ: Այդ երկու տարբեր ժամանակներն են, ուր յածել են Շանթի միտքն ու երեւակայութիւնը: Իր դրաման ժամանակակից մտքի ծնունդ է, մեր ժամանակների խոհերի մարմնացում, բայց նրա պատկերները հազար տարով յետ են քաշուած մեր ժամանակից: Մենք ցոյց կը տանք, որ նա չէր կարող վանք ու վանական չընտրել իր հոգու բովանդակութիոնը մեզ տալու համար: Ընտրէր այսօրուան մի վանք, այնտեղ չկան ու չեն կարող լինել ճշմարիտ վանականներ. ընտրել հին օրերի մի վանք` այնտեղ չէին կարող լինել մեր ժամանակի ապրումներն ու խոհերը: Եւ ահա Շանթը հաշտւում է անխուսափելի անհրաժեշտութեան հետ. ընտրում է վերջին միջոցը, բայց այդ շատ թանկ է նստում դրամային։ Լինելով իրապաշտ հեղինակ` նա աշխատում է կենցաղական որոշ գծեր հաղորդել գործող անձերին, բայց պատմականն ու ժամանակակիցն այնպէս խառնում են իրար, որ մեկնողի միտքն եւս մէկ թեւակոխելու է տաս դարեան անցեալը, մէկ ապրելու է ներկայում: Այս հանգամանքը չի նպաստում ընթերցողի գեղարուեստական անխառն վայելքին, թէեւ պէտք է նկատել, որ մարդ դիւրութեամբ անձնատուր է լինում հեղինակի երեւակայութեան դեգերումներին եւ գեգեցիկ տեսարանների հատուածական վայելքը փոխարինում է ամբողջութեան ու միութեան նուրբ վայելքին։
Մենք տեսանք թէ ինչ տարրերից է կազմուած Շանթի նոր դրաման եւ ինչու է մութ։ Այժմ կարող ենք պատասխանել մեր գրած հարցերին։ Շանթն այս դրամայում ընդհանուր առմամբ իրապաշտ