Էջ:Դեւ - բանաստեղծութիւններ.pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՄԻ ՔԱՂԱՔ ԷՐ ԳՈՐՇ․․․


Մի քաղաք էր գորշ, հին իտալական,
Ու փողոց էր մութ, նեղ ու քարքարոտ,
Ու կանայք էին, խեղճ, թափառական,
Սիրոյ գգւանքի ու հացի կարօտ։

Անձրև էր իջնում, լալիս Էր խօսում․
Պանդոկ էր քարէ, փոս ու ծխապատ․
Ու առատ գինի, գինի էր հոսում,
Գինի էր բուրում առաստաղ ու պատ։

Եւ աղմուկ էր խուլ, գինի էր թափւած․
Երգ էր վշտահար մոռացւած սիրոյ.
Սև սեղան էր թաց, բանւոր էր հարբած,
Ու աղջիկ էր շէկ լացոտ աչքերով։

Փողոց էր, կանայք, անձրև էր, գիշեր․
Պանդոկ էր, գինի, ու ծուխ էր այնքա՜ն.
Կարօտի երգ էր, ու աղջիկ էր շէկ․
Մի քաղաք էր գորշ, հի՜ն, իտալական։

Ջենովա