Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


— Դա միանգամայն բավական է,— ասաց Դորոթեան,— որովհետև բարեկամները նման մանր-մունր բաների վրա ուշք չեն դարձնում և կարևոր չէ, խալն ուսի՞ն է, թե մեջքին։ Գլխավորն այն է, որ խալը կա, իսկ թե որտեղ է՝ միևնույն է, մարմնի բոլոր մասերը միատեսակ են։ Անկասկած, իմ բարի հայրը ճիշտ է նախագուշակել, ես էլ չեմ սխալվել, դիմելով պարոն դոն Կիխոտին, որովհետև անտարակույս հայրս նրան է նկատի ունեցել։ Չէ՞ որ մարմնի նշաններին համապատասխանում է նաև բարի համբավը, որ պտտում է նրա մասին ոչ միայն Իսպանիայում, այլ բովանդակ Մանչայում։ Հազիվ էի ես ափ իջել, որ արդեն ականջիս հասավ նրա գործերի պատմությունը։ Սիրտս ասաց՝ իմ որոնածը հենց նա է։

— Ահա, պարոննե՛ր,— շարունակեց Դորոթեան,— իմ պատմությունը։ Մնում է ասեմ, որ իմ թագավորությունից՝ հետս դուրս բերած ամբողջ շքախմբից մենակ այս մորուքավոր զինակիրս է մնացել, իսկ մնացածները բոլորն էլ խեղդվեցին սարսափելի փոթորկից, որ վրա հասավ մեզ նավահանգստի մոտերքում։ Ես ու նա, երկու տախտակի վրա, հրաշքով ափ հասանք։

ԳԼՈՒԽ XXIV
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է
ԴՈՆ ԿԻԽՈՏԻ ԵՐԵՎԵԼԻ ԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
ԻՐ ԶԻՆԱԿԻՐ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ՀԵՏ

Դոն Կիխոտը առաջարկեց Սանչո Պանսային առաջ անցնել իր հետ, ասելով, թե պետք է նրան հարցուփորձ անի և խոսի շատ կարևոր բաներից։ Սանչոն հնազանդվեց, և երբ որ նրանք առաջ ընկան մնացածներից, դոն Կիխոտն ասաց.

— Քո վերադարձից հետո առիթ չեղավ, որ մանրամասն տեղեկանայի, թե հանձնարարությունս ինչպե՞ս ես կատարել և ի՞նչ պատասխան ես բերել։ Իսկ հիմա, երբ բախտը շնորհում է մեզ և՛ տեղ, և ժամանակ, մի՛ զրկիր ինձ Դուլսինեայից բարի լուր լսելու բախտից։

— Հարցրեք, ձերդ ողորմածություն, ամեն բան, ինչ որ կամենաք,— պատասխանեց Սանչոն։— Իմ բերանը հիմա կկրկնի այն, ինչ որ մտել է ականջս։

Նրանց խոսակցության միջոցին ճամփին երևաց էշ նստած մի մարդ։ Երբ որ նա մոտեցավ՝ գնչուի տեղ դրին նրան։ Սակայն Սանչոն, որի աչքերը էշ տեսնելուց քիչ էր մնում դուրս թռչեին, անծանոթին տեսավ թե չէ, իսկույն ճանաչեց Խինես Պասամոնտեին և, բռնելով թելից, այսինքն՝ գնչուից, կծիկը քակեց, այն է՝ գլխի ընկավ, որ էշը, որի վրա նստած էր Պասամոնտեն՝ իր սեփականն է։ Այսպես էլ դուրս եկավ։ Պասամոնտեն, որպեսզի իրեն չճանաչեն և չխանգարեն էշը ծախել, գնչուի պես էր հագնվել։ Նա խոսում էր գնչուների, ինչպես և շատ ուրիշ լեզուներով, ինչպես իր մայրենի լեզվով։ Տեսավ նրան Սանչոն և ճանաչեց, իսկ տեսնելուց ու ճանաչելուց հետո բարձրաձայն գոչեց.