Էջ:Դոն Կիխոտ.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խինեսիլյո, գող, ավազակ, ետ տուր իմ ապրանքը, վերադարձրու կյանքս, մի՛ խռովիր հանգիստս, թող ինձ մնա իմ էշը, ետ տուր իմ զվարճությունը։ Ճղի՛ր, սրիկա, կորի՛ր, գող, և թող այն, ինչ որ քոնը չէ։

Այդքան հիշոցի ու հայհոյանքի կարիք էլ չկար։ Առաջին իսկ խոսքից Խինեսը վայր թռավ էշից և, զոռ տալով ոտքերին, վազեց ու վայրկենապես անհետացավ։ Սանչոն մոտեցավ իր գորշուկին և, գրկելով, ասաց.

— Քեֆդ ինչպե՞ս է, ի՛մ գանձ, ի՛մ հոգու էշ, ի՛մ սրտագին բարեկամ։

Նա այնպես էր ասում ու համբուրում, ասես մարդու հետ լիներ։ Իսկ էշը լուռ էր։ Թույլ տալով, որ իրեն գրկեն ու համբուրեն, նա ոչ մի խոսք չէր արտասանում։

Հասան ետ մնացածներն ու սկսեցին շնորհավորել Սանչոյին գտածի համար, ամենից ջերմ՝ դոն Կիխոտը, որ հայտարարեց, թե չնայած դրան, նա չի փոխում իր խոստումը երեք քուռակի մասին։

Սանչոն շնորհակալ եղավ։

Երբ որ խումբը կրկին առաջ ընթացավ, դոն Կիխոտը շարունակեց իր ընդհատված զրույցը Սանչոյի հետ։

— Բարեկամս, դե ասա՝ որտե՞ղ, ե՞րբ և ինչպե՞ս տեսար դու Դուլսինեային։ Ի՞նչ էր անում նա, ի՞նչ ասացիր դու նրան, ի՞նչ պատասխանեց նա քեզ և դեմքի ի՞նչ արտահայտությամբ կարդաց իմ նամակը։ Ո՞վ արտագրեց նամակս։

— Պարոն,— պատասխանեց Սանչոն,— եթե ճշմարիտն ասեմ, ձեր նամակը ոչ ոք չի արտագրել, որովհետև ես հետս չէի վերցրել։

— Դու ճիշտ ես ասում,— վրա բերեց դոն Կիխոտը,— որովհետև հուշատետրը, որի մեջ ես գրել էի, քո գնալուց երկու օր անց գտա մոտս և դա ինձ չափազանց վշտացրեց, որովհետև ես չգիտեի, թե դու ինչ ես անելու, երբ նկատես մոռացածդ և կարծում էի, թե նկատելուն պես կվերադառնաս։

— Ես այդպես էլ կանեի,— պատասխանեց Սանչոն,— եթե անգիր արած չլինեի։

— Մինչև հիմա՞ էլ անգիր հիշում ես,— հարցրեց դոն Կիխոտը։

— Ոչ, պարոն,— պատասխանեց Սանչոն,— հենց որ նամակը հանձնեցի, իսկույն ևեթ, տեսնելով, որ այլևս բանի պետք չէ, մոռացության տվի։ Եթե մի բան միտս է մնացել դա՝ իշազոր, ասել կուզե՝ իշխանազոր տիրուհին է և վերջը՝ մինչև գերեզման ձերդ Վշտակերպ Ասպետը։

— Այդ ամենը վատ չէ, շարունակի՛ր,— ասաց դոն Կիխոտը։— Դու տեղ հասար։ Ի՞նչ գործի էր գեղեցկության թագուհին։ Երևի մարգարիտ էր շարում կամ ոսկի թելերով տոհմանշան էր գործում իր գերի ասպետի համար։

— Ո՛չ, պարոն,— պատասխանեց Սանչոն,— նա բակում երկու ֆանեգա[1] ցորեն էր մաղում։

— Այո՛, բայց նկատի առ,— առարկեց դոն Կիխոտը,— որ ցորենի հատիկները մարգարիտներ էին դառնում, դիպչելով նրա գեղեցիկ ձեռքերին։ Բայց, ասա ինձ, եթե դու ուշ ես դարձրել, հատիկները ճերմակ էին, թե սև։

— Դեղին,— պատասխանեց Սանչոն։

  1. Ֆանեգա— չափ է, մոտ 52 լիտր։