միջև, ապա, տեսնելով, որ Սանչոն ներկա չէ, պատմեց, թե ինչպես նրան վերմակի վրա վեր-վեր գցեցին, մի բան, որ մեծ զվարճություն պատճառնց ամբողջ հասարակությանը։
Այդ միջոցին դոն Կիխոտի սենյակից լսվեց սաստիկ աղմուկ և աղաղակ.
— Կաց, գո՛ղ, ավազա՛կ, դավաճա՛ն, դու իմ ձեռքում ես, և քո դաշույնը քեզ չի օգնի։
Միաժամանակ թվում էր, թե նա կատաղի հարվածներ է հասցնում պատերին։ Սանչոն ասաց.
— Ի՞նչ եք կանգնել ականջ դնում, եկեք բաժանեցեք նրանց կամ թե օգնեցեք տիրոջս, կարծեմ, կարիք չկա, որովհետև հսկան անշուշտ անշունչ է։ Ես տեսա, թե ինչպես էր արյունը թափվում, ինչպես թռավ նրա կտրած գլուխը, որ գինով լիքը տկի չափ կլիներ։
— Գետինը մտնե՜մ,— ասաց իջևանատերը,— այդ դոն Կիխոտը թե դոն Դևը ճղած կլինի կարմիր գինով լիքը տկերից մեկը, որ կախված է նրա գլխի վերևը։ Գինիս է թափվել, իսկ այդ կտրիճը երևակայել է, թե արյուն է։
Այս խոսքերն ասելով, նա, բոլոր մնացածների ուղեկցությամբ, ներս մտավ սենյակը, և նրանք տեսան դոն Կիխոտին ամենազարմանալի հագուստով։
Նա մի շապիկ ուներ հագին, այն էլ այնքան կարճ, որ առջևից հազիվ էր ծածկում ազդրերը, իսկ հետևից մի վեց մատ ավելի կարճ էր։ Նրա մազմզոտ, երկար ու նիհար ոտքերը բավական կեղտոտ էին, գլխին՝ կարմիր ու յուղոտ գիշերային գլխարկ էր դրած, որ պատկանում էր իջևանատիրոջը։ Ձախ ձեռքին փաթաթել էր Սանչոյի համար ատելի վերմակը՝ իրեն լավ հայտնի պատճառով, իսկ աջ ձեռքով բռնել էր մերկ թուրը, որով հարվածում էր աջ ու ձախ այնպիսի գոռոցով, ասես թե իսկ որ հսկայի հետ կռվելիս լիներ։ Սակայն ամենազվարճալին այն էր, որ նա այդ ամենը անում էր աչքերը փակ։ Նա քնել էր և երազում տեսել, իբր թե կռվում է հսկայի հետ։ Նրա երևակայությունն այնքան էր զբաղված առաջիկա մարտի մտքերով, որ երազում տեսել էր, իբր թե հասել է Միկոմիկոն թագավորությունը և մարտնչում է իր թշնամու դեմ։ Տկերը ընդունելով հսկայի տեղ, նա այնպես էր դրանք բզիկ-բզիկ արել, որ ողջ սենյակը ողողված էր գինով։ Այդ տեսնելով, իջևանատերը կատաղեց և, բռունցքները սեղմելով, հարձակվեց դոն Կիխոտի վրա, սկսեց նրան այնպես ծեծել, որ եթե քահանան չլիներ, կռիվը հսկայի հետ ավարտված կլիներ։ Սակայն ծեծն էլ չարթնացրեց խեղճ ասպետին։ Սափրիչը ստիպված ջրհորից մի մեծ կաթսա սառը ջուր բերեց և թափեց նրա գլխին։ Այստեղ միայն նա զարթնեց, այն էլ ոչ այն աստիճան, որ նկատեր, թե ինչ ուներ հագին։
Սանչոն ամենուրեք հսկայի գլուխը փնտրելուց և չգտնելուց հետո ասաց.
— Ես արդեն գիտեի, որ այս տանը ամեն ինչ կախարդված է։ Անցյալ անգամ, հենց այս տեղում, որտեղ ես կանգնած եմ, հազար հարված ստացա, իսկ թե ումից՝ չգիտեմ։ Այնպես էլ աներևույթ մնաց նա։ Հիմա էլ ահա գլուխը կորավ, մինչդեռ ես սեփական աչքով տեսա, ինչպես կտրեցին, ինչպես արյունը հորդեց շատրվանի պես։
— Արյո՞ւնս որն է, շատրվանս որը,— գոռաց իջևանատերը,— մի՞թե, սրիկա, դու չես տեսնում, որ արյան այս ամբողջ շատրվանը ծակծկված տկերից