է և այստեղ կարելի է կարմիր գինու մեջ լող տալ։ Թող նա հանդերձյալ կյանքում սատանաների մոտ այդպես լողանա։ Տես, ինչպես է ծակծկել, է՜։
— Բան չեմ հասկանում,— ասաց Սանչոն,— միայն կասեմ, որ եթե այղ գլուխը չգտնեմ, իմ կոմսությունը կլուծվի, ինչպես աղը՝ ջրի մեջ։
Սանչոն արթմնի ավելի վատթար էր, քան իր տերը՝ երազում, այնպես էին դոն Կիխոտի խոստումները պտտեցրել նրա գլուխը։
Իջևանատերը կատաղած՝ ծառայի պաղարյունությունից և տիրոջ անկարգություններից, երդվում էր, որ այս անգամ, առաջվա պես, առանց վճարելու նրանց չի հաջողվի գնալ։ Ասպետական արտոնություններն այլևս նրանց չեն օգնի։ Նա կստիպի վճարել անգամ ծակծկված տկերի կարկատանների գինը։
Քահանան բռնել էր դոն Կիխոտի ձեռքերը, իսկ դոն Կիխոտը, համարելով, որ սխրագործությունն արդեն կատարված է և որ իր առջև Միկոմիկոնի իշխանուհին է, չոքեց քահանայի առջև և ասաց.
— Այսուհետև, ձերդ մեծություն, բարձրազարմ ու ազնիվ տիրուհի, դուք կարող եք ապրել հանգիստ, առանց երկյուղ կրելու այդ ստոր էակի դավերից։
— Ես չէի՞ ասում,— բացականչեց Սանչոն։— Հո հարբած չէի՞։ Մտիկ տվեք, թե իմ տերը ինչպես է աղաջրի մեջ դրել հսկայի գլուխը։ Եզների ճաշն եփած է, կոմսությունս՝ կորած։
Ինչպե՞ս մարդ ծիծաղը պահեր, լսելով այս երկու ցնդածներին՝ տիրոջն ու ծառային։
Ի վերջո սափրիչին ու քահանային մի կերպ հաջողվեց դոն Կիխոտին անկողին պառկեցնել։ Նա քնեց և երևում էր, որ ծայր աստիճան հյուծված էր։
Նրանք թողին քնածին և դուրս եկան նախասենյակը մխիթարելու Սանչո Պանսային, որը չկարողանալով գտնել հսկայի գլուխը, բոլորովին հուսահատվել էր։ Սակայն ամենադժվարը նրանց համար պանդոկապանին հանգստացնելն