Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչ այս, մինչ այն, կենվորները հաշտվեցին իջևանատիրոջ հետ և վճարեցին նրան, ինչ որ հասնում էր՝ հատկապես դոն Կիխոտի խելացի փաստարկումների ու համոզումների հետևանքով։ Սակայն այդ իսկ պահին իջևանատուն մտավ այն սափրիչը, որից դոն Կիխոտը խլել էր Մամբրինի սաղավարտը, իսկ Սանչո Պանսան փոխանակել էր իր էշի սարքը։ Ահա նա իր էշին ներս տարավ գոմ և այնտեղ տեսավ Սանչո Պանսային, որ զբաղված էր փալանը կարգի բերելով։ Նա իսկույն ճանաչեց իր փալանը, վրա տվեց և բղավեց.

— Հե՜յ, դոն-ավազակ, հո բռնեցի՞ քեզ։ Ապա դեսը բեր իմ լագանը, փալանն ու նոխտան։

Հանկարծակի գրոհն զգալով և հիշոցը լսելով, Սանչոն մի ձեռքով բռնեց փալանը ու մյուսով այնպիսի հարված հասցրեց սափրիչին, որ խեղճի բերանը արյունով լցվեց։ Չնայած դրան, սափրիչը ձեռքից բաց չէր թողնում ավարը, այսինքն փալանը, և այնքան բարձր էր գոռում, որ աղմուկի վրա հավաքվեցին բոլոր կենվորները։ Սափրիչը կոչ էր անում։

— Ո՜վ արդարադատություն, այստեղ արի։ Ես ապրանքս ետ եմ վերցնում, իսկ այս գողը, այս ավազակը ուզում է ինձ սպանել։

— Սո՛ւտ ես ասում,— բղավում էր Սանչոն,— ես ավազակ չեմ։ Այս ավարը իմ տերն է առել ազնիվ մարտում, դոն Կիխոտը։

Դոն Կիխոտը կանգնել և մեծ գոհունակությամբ դիտում էր, թե ինչպես է հարձակվում ու պաշտպանվում իր զինակիրը, և այդ վայրկյանին վճռեց, որ Սանչոն քաջ է։ Նա մտքում դրեց առաջին իսկ բարեհաջող դեպքում նրան ասպետ կարգել։

Իսկ սափրիչը վիճելով Սանչո Պանսայի հետ, ի միջի այլոց ասաց հետևյալը.

— Որ փալանը իմն է, պարոններ, նույնքան ճիշտ է, որքան այն, որ ես մահկանացու եմ։ Ես այդ փալանն այնքան լավ եմ ճանաչում, որ ասես թե ինքս ծնած լինեմ։ Ասենք, հենց ախոռում կապված է էշս, որը սուտ չի ասի։ Չեք հավատո՞ւմ դրեք մեջքին և չափեք։ Եթե փալանը ճիշտ նրա չափովը չլինի, ինձ սրիկա կոչեք։ Դեռ ավելին, նույն օրը, որ իմ փալանը կորավ, նրանք իմ պղնձե լագանն էլ տարան, բոլորովին նորը, դեռ գործ չածած։

Դոն Կիխոտն այդտեղ այլևս չկարողացավ զսպել իրեն։ Նա կանգնեց վիճողների մեջտեղը և, փալանը գետնին դնելով, այնպես որ բոլորին տեսանելի լինի, մինչև որ պարզվի, թե ում կողմն է արդարությունը, պատասխանեց.

— Պարոններ, ձեզ համար հիմա պարզ ու ակներև կդառնա այն մոլորությունը, որի մեջ է այս բարի զինակիրը, սափրիչի լագան անվանելով այն, որը եղել է և կլինի Մամբրինի սաղավարտր։ Այդ սաղավարտը ես նրանից խլել եմ ազնիվ կռվում, ու այդ պահից ես եմ նրա օրինական և անվիճելի տերը։ Գալով փալանի խնդրին, դա իմ գործը չէ։ Կասեմ միայն, որ իմ զինակիր Սանչո Պանսան ինձնից թույլտվություն խնդրեց այդ հաղթված վախկոտի փալանը հանել և իր էշը փալանել։ Ես նրան թույլ տվի, և նա հանեց։ Այս ամենը հաստատելու համար, հապա, Սանչո, զավակս, վազ տուր, բեր այստեղ սաղավարտը, որ այս բարի մարդուն լագան է թվում։