Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սանչոն վազ տվեց, լագանը բերեց, դոն Կիխոտն առավ ու ասաց.

— Ինքներդ դատեցեք, պարոններ, այս զինակրի հանդգնությունը, որ պնդում է, թե սա սաղավարտ չէ, այլ լագան։ Երդվում եմ ասպետական ուխտով, որին ես պատկանում եմ, սա այն սաղավարտն է, որ խլել եմ նրանից և այն պահից ոչինչ չեմ ավելացրել նրան, ոչինչ էլ չեմ պակսեցրել։

Մեր սափրիչ Նիկոլասը, որ ներկա էր և լավ ճանաչում էր դոն Կիխոտին, մտածեց հրահրել նրա խելագարությունը և, բոլորին զվարճություն պատճառելու համար, երկարաձգել այս կատակը։ Ուստի, դիմելով նորեկ սափրիչին, նա ասաց.

— Պարոն սափրիչ, կամ ով որ եք, իմացած եղեք, որ ես էլ եմ այդ արհեստը բանեցնում։ Քսան տարուց ավել է, ինչ ես վկայական ունեմ և չկա այնպիսի գործիք, որ ինձ անծանոթ լինի։ Ես հաստատում եմ, որ այս սիրալիր պարոնի ձեռքում բռնած առարկան սափրիչի լագան չէ և նույնքան նման չէ սափրիչի լագանի, որքան ճերմակ գույնը սև չէ, և ճշմարտությունը սուտ չէ։ Կավելացնեմ միայն, որ թեև սա սաղավարտ է, բայց լրիվ չէ։

— Իհարկե լրիվ չէ,— ասաց դոն Կիխոտը,— որովհետև կեսը չկա, ծնոտակալը պակաս է։

— Միանգամայն արդարացի է,— հարեց քահանան, կռահելով իր բարեկամ սափրիչի միտքը։

Դոն Կիխոտն ասաց.

— Չէի՞ ասում ես, պարոններ, որ այս դղյակը կախարդված է։ Որ նրա մեջ առնվազն մի լեգիոն դևեր են ապրում։ Տեսեք՝ այստեղ բոլորը կռվում են մեկը՝ թրի համար, մյուսը՝ ձիու, երրորդը՝ արծվի, չորրորդը՝ սաղավարտի։ Մենք բոլորս կռվում ենք և մեկը մյուսին չի հասկանում։ Երդվում եմ, մեզ