Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ապա միտք արա՝ եթե ես կամենայի, որ իմ աղջիկը աշտարակից գլխիվայր ընկներ, կամ գնար թափառելու աշխարհովս մեկ, դու կունենայիր իրավունք չհամաձայնելու։ Իսկ եթե ես, մեկ հարվածով, այնպես, որ դու աչք ճպելու ժամանակ չունենաս, նրան ազնվական տիրուհի դարձնեմ, դարմանի միջից հանեմ և ամպհովանու ներքո նստացնեմ, փափուկ բարձերի բլուրի վրա, ապա ինչո՞ւ դու չպիտի համաձայնես և չկամենաս այն, ինչ որ ես եմ ցանկանում։

— Գիտե՞ս ինչու,— պատասխանեց Թերեսան,— որովհետև աղքատների վրա մարդիկ հարևանցիորեն են նայում, իսկ հարուստների վրա՝ երկար-երկար։ Եթե հարուստը նախապես աղքատ է եղել, ահա այդտեղից էլ սկիզբ են առնում ասեկոսեներն ու բամբասանքները։

Սանչոն կնոջը մխիթարեց, ասելով, որ ճար չկա։ Աղջկան պիտի կոմսուհի դարձնի, բայց կաշխատի, որքան կարելի է, ուշ անել այդ բանը։

ԳԼՈՒԽ XXX
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԴՈՆ ԿԻԽՈՏԻ
ԵՎ ՆՐԱ ԶԱՐՄՈՒՀՈՒ ՈՒ ՏՆՏԵՍՈՒՀՈՒ ՄԻՋԵՎ.
ԱՅՍ ՊԱՏՄԻԹՅԱՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳԼՈՒԽԸ

Նույն պահին, երբ Սանչո Պանսան, իր կնոջ՝ Թերեսա Կասկախոյի հետ վերը մեր հիշատակած անմիտ խոսակցությունն էր վարում, դոն Կիխոտի զարմուհին ու տնտեսուհին էլ անգործ չէին նստել, որովհետև հազար ու մի նշաններից նրանք կռահել էին, որ մեկի քեռին, մյուսի՝ տերը պատրաստվում է երրորդ անգամ դուրս պրծնել և դարձյալ չարաբաստիկ (նրանց կարծիքով) թափառական ասպետ դառնալ։ Բոլոր հնարավոր միջոցներով աշխատում էին նրան ետ պահել այդ վնասակար մտքից, սակայն նրանք ապարդյուն բարբառում էին անապատում և սառը երկաթ կռում։

Դուռը թակեցին։ Հարցրին, թե ո՞վ է։ Սանչո Պանսան պատասխանեց՝ ես եմ։ Տնտեսուհին նրա ձայնն առավ թե չէ, իսկույն փախավ, որ նրա երեսը չտեսնի՝ ուղղակի տանել չէր կարող նրան։ Դուռը բաց արեց դոն Կիխոտի զարմուհին։ Դոն Կիխոտը գրկաբաց դիմավորեց զինակրին, հետո նրանք, երկուսով մնալով, դուռը կողպեցին, և նրանց միջև սկսվեց մի խոսակցություն, որը նախընթացից պակաս չէր։

Հենց որ տնտեսուհին տեսավ, թե դոն Կիխոտն ու Սանչո Պանսան փակվեցին սենյակում, իսկույն գլխի ընկավ, թե ինչ է դուրս գալու դրանից և, կարծելով, որ այդ խոսակցությունը հանգելու է երրորդ արշավը գործելու որոշման, իսկույն վերցրեց իր թիկնոցը և, տագնապի ու տխրության մեջ՝ վազեց բակալավր Սամսոն Կարրասկոյի տունը։ Նրան թվում էր, թե Կարրասկոն, իբրև պերճախոս մարդ և իր տիրոջ նոր բարեկամը, կկարողանա համոզել նրան հրաժարվել այդ խենթ ծրագրից։

Կարրասկոն զբոսնում էր բակում, և տնտեսուհին, տեսնելով նրան, ընկավ ոտքերը՝ քրտնաթոր ու շնչակտուր։ Տեսնելով նրան այդպիսի տագնապի և վշտի մեջ, Կարրասկոն հարցրեց.