Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ է պատահել, տիրուհի։

— Թանկագին պարոն բակալավր, իմ տերը դարձյալ մտադիր է երրորդ անգամ արշավել որոնելու այն, ինչ ինքը արկած է անվանում, իսկ ես գլխի չեմ ընկնում, թե ինչ բան է դա։ Առաջին անգամ նա վերադարձավ էշի վրա՝ ջարդված, երկրորդ անգամ՝ նրան բերին վանդակի մեջ, սայլով։ Նա ուներ այնպիսի ցավալի տեսք, որ նրան աշխարհ բերող մայրն էլ չէր ճանաչի՝ դեղնած, նիհար, աչքերը փոս ընկած։ Գեթ մի քիչ նրան կարգի բերելու համար ես վեց հարյուրից ավելի ձու եմ վատնել։ Վկա են՝ աստված, մեր հարևաններն ու հավերը։

— Բան չկա,— պատասխանեց բակալավրը,— հանգիստ տուն դարձեք, մի տաք կերակուր պատրաստեցեք, ես հիմա կգամ։

Տնտեսուհին հեռացավ, իսկ բակալավրը իսկույն գնաց քահանայի մոտ, որ խորհրդակցի։

Այդ միջոցին դոն Կիխոտն ու Սանչոն, փակված սենյակում, զրույց էին անում։

Աանչոն ասաց իր տիրոջը.

— Տե՛ր իմ, վերջապես ինձ հաջողվեց համոզել կնոջս, որ պարտավոր եմ հետևելու ձերդ ողորմածությանը, որտեղ դուք հաճեք գնալ։

— Լավ։

— Թերեսան ասում է,— շարունակեց Սանչոն,— որ ես պայմանս ամուր կապեմ ձերդ ողորմածության հետ, որովհետև գրածը՝ խոսում է, բերանացին՝ լռում, որ թուղթ բաժանողը չի կարող խառնել և քո ունեցած մեկը՝ ունենալիք երկուսից լավ է։ Ես գիտեմ, որ կնոջ խորհուրդը քիչ արժեք ունի, բայց ով որ չի հետևում՝ խելագար է։

— Համաձայն եմ,— պատասխանեց դոն Կիխոտը,— բայց խոսքդ շարունակիր, Սանչո բարեկամ, որովհետև այսօր մարգարիտներ են թափվում քո շուրթերից։