ԱՐՏԱՍՈՎՈՐ ԱՐԿԱԾԻ ՄԱՍԻՆ
Մահին հանդիպելուց հետո դոն Կիխոտն ու զինակիրը գիշերն անցկացրին բարձր ու ստվերաշատ ծառերի տակ։ Նախապես Սանչոն համոզեց իր տիրոջը ճաշակել պաշարից, որ բերել էր հետ կապոցի մեջ։
Ընթրիքից հետո Սանչոն քնեց խցանի ծառի տակ, իսկ դոն Կիխոտը ննջեց վիթխարի կաղնու տակ։ Հանկարծ նա զարթնեց, հետևից ինչ-որ աղմուկ լսելով։ Նա հուզված վեր թռավ և սկսեց ականջ դնել, կամենալով հասկանալ, թե որտեղից է աղմուկը գալիս։ Նա տեսավ երկու ձիավոր, որոնցից մեկը, իջնելով ձիուց, ասաց մյուսին.
— Վեր եկ ձիուց, բարեկամս, ձիերի սանձերն արձակիր, ինձ թվում է, թե այստեղ առատ խոտ կլինի նրանց համար, իսկ իմ սիրային խոհերի համար այն, որ ամենից շատ է պետք,— լռություն ու մենություն։
Այդ խոսքերն ասելն ու խոտի վրա պառկելը մեկ եղավ։ Նրա հագի զենքուզրահը զնգզնգաց. բացահայտ նշան, որից դոն Կիխոտը եզրակացրեց, թե անծանոթը թափառական ասպետ է։ Մոտենալով քնած Սանչոյին, քաշեց նրա ձեռքը, մեծ դժվարությամբ նրան ուշքի բերեց, ապա շշնջաց.
— Ահավասիկ արկած, եղբայր Սանչո։
— Ի՞նչ գիտեք,— հարցրեց Սանչոն։
— Սուս, ասպետը կարծեմ լարում է իր վինը թե ջութակը, և ասես թե պատրաստվում է երգել՝ հազում ու թքում է, մաքրելով կոկորդը։
Հնչեց մի երգ, ոչ վատ, ոչ էլ լավ ձայնով։ Մեր բարեկամները ուշի-ուշով ունկնդրում էին։
Երգիչն ավարտեց երգը, ապա, խոսակցության ձայն առնելով, վեր կացավ տեղից և հնչեղ ձայնով ու քաղաքավարի հարցրեց.
— Ովքե՞ր եք, ի՞նչ մարդիկ եք։ Ուրախների՞ թվին եք պատկանում, թե վշտահարների։
— Վշտահարների,— պատասխանեց դոն Կիխոտը։
— Որ այդպես է, մոտ եկեք,— ասաց Անտառի ասպետը,— և իմացած եղեք, որ դուք կմոտենաք վիշտ ու թախծի մարմնացումին։
Լսելով այդ սիրալիր ու վայելուչ պատասխանը, դոն Կիխոտը մոտ գնաց, և Սանչոն հետևեց նրան։
Տխրահեծ ասպետը բռնեց դոն Կիխոտի ձեռքն ու ասաց.
— Համեցեք, նստեցեք, պարոն ասպետ։ Տեսնում եմ, որ դուք թափառական ասպետ եք։
Դոն Կիխոտը պատասխանեց.
— Դուք արդարացի եք։ Եվ թեև իմ հոգում, ինչպես իրենց սեփական բնակարանում բնակվել են՝ վիշտ, աղետներ ու արհավիրքներ, այնուհանդերձ իմ սրտում չի հանգել կարեկցության զգացումը ուրիշի ցավի նկատմամբ։
Նրանք, կոշտ հողի վրա իրար կողքի նստած, հաշտ ու հանգիստ զրույց էին անում, առանց գուշակելու, որ լուսաբացին իրար գլուխ են ջարդելու։
Անտառի ասպետի զինակիրը բռնեց Սանչոյի ձեռքն ու ասաց.