— Մի կողմ քաշվենք և խոսենք իբրև հասարակ զինակիրներ, ինչից որ մեր սիրտն ուզենա։
— Շատ բարի,— պատասխանեց Սանչոն,— ես կպատմեմ ձերդ ողորմածությանը, թե ով եմ ես, և դուք կըմբռնեք, որ ես շատախոս զինակիրներից չեմ։
Երկու զինակիրները քաշվեցին մի կողմ, և բացվեց մի խոսակցություն, որ նույնքան զվարճալի էր, որքան լուրջ էր նրանց տերերի զրույցը։
Անտառի ասպետի ծառան ասաց Սանչոյին.
— Թեթև կյանք չենք վարում մենք, թափառական ասպետների զինակիրներս, տեր իմ։ Ճշմարիտ որ մեր երեսի քրտինքով ենք աշխատում մեր կերած հացը։
— Դուք կարող էիք ասել նմանապես,— հարեց Սանչոն,— թե մենք ցրտահար մարմնով ենք մեր հացն ուտում, որովհետև ո՞վ է շոգ ու ցրտից ավելի տառապում, քան թափառական ասպետի զինակիրը։ Դեռ լավ է, թե դրանից հաց դուրս գա. ախր հաց որ եղավ, ցավն էլ կես ցավ է, հաճախ այնպես է պատահում, որ մի ամբողջ օր, երկու օր, մենք միմիայն քամի ենք կուլ տալիս։
— Այդ ամենը կարելի է տանել և համբերել,— առարկեց Անտառի ասպետի ծառան,— որովհետև եթե թափառական ասպետը, որին ծառայում է զինակիրը, մահկանացուներից ամենաանհաջողակը չէ, ապա կարճ ժամանակամիջոցում նրա ծառան կարող է որևէ սիրուն կղզի ստանալ ի կառավարություն կամ շատ հաճելի մի կոմսություն։
— Ես արդեն հայտնել եմ տիրոջս,— պատասխանեց Սանչոն,— որ ինձ միանգամայն կբավարարի կղզու կառավարիչ լինելը։ Իմ տերն այնքան ազնիվ ու առատաձեռն է, որ քանիցս խոստացել է։
Անտառի ասպետի ծառան ասաց.
— Պարոն զինակիր, ես ենթադրում ու խորհում եմ թողնել բոլոր այս ասպետական դատարկաբանոլթյունները, վերադառնալ գյուղ և զբաղվել զավակներիս կրթությամբ։ Ես երեքն ունեմ, երեքն էլ արևելյան մարգարիտներ։
— Իսկ ես՝ երկուսը,— ասաց Սանչոն,— որոնց ամոթ չի լինի ներկայացնել անգամ Հռոմի պապին, մանավանդ աղջկանս, որին մտադիր եմ, հակառակ մոր ցանկության, կոմսուհի դարձնել։
— Քանի՞ տարեկան կլինի աղջիկդ,— հարցրեց Անտառի ասպետի ծառան։
— Մոտ քսանհինգ,— պատասխանեց Սանչոն,— բայց հասակը նիզակից կարճ չէ, թարմ է, ինչպես ապրիլի առավոտը և ուժեղ, որպես բեռնակիր։
— Այդպիսի արժանիքներով,— ասաց Անտառի ասպետի ծառան,— նա կարող է ոչ միայն կոմսուհի, այլև կանաչ անտառի հավերժահարս դառնալ։
Սանչոն հարց տվեց.
— Ասպետը, որին դոկք ծառայում եք, իմ տիրոջ պես խելագա՞ր է։
— Նա խելագար է, բայց քաջ,— առարկեց մյուս զինակիրը,— իսկ խենթությունից ու քաջությունից՝ ավելի խորամանկ։
— Չէ, իմը բնավ այդպիսին չի,— պատասխանեց Սանչոն։— Մեջը իսկի խորամանկություն չկա։ Նրա սիրտը, կուժի պես, բաց է։ Նա ոչ ոքի չարիք չի անի, ամենքին բարություն կանի և մեջը մազաչափ խարդախություն չկա։