Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թափառական ասպետների զինակիրներին։ Գոնե իմ տերը նման սովորության մասին երբեք ինձ բան չի ասել, իսկ նա անգիր գիտի թափառական ասպետության կանոնադրությունը։ Բայց թող դա ճիշտ լինի և իրոք ճշգրիտ կանոն լինի, որ զինակիրները կռվեն իրենց տերերի մենամարտելու միջոցին։ Ես գերադասում եմ այդ կանոնը խախտել և խաղաղասեր զինակիրներից գանձվող տուգանքը վճարել։ Հավատացած եմ, որ այդ տուգանքը երկու գրվանքա մոմից շատ չի լինի։ Համ էլ ես թուր չունեմ և ծնածս օրից չեմ ունեցել։

— Այդ ցավին ես դարման կանեմ, հոգ չէ,— պատասխանեց Անտառի ասպետի զինակիրը։— Ես հետս երկու քաթանե պարկ եմ վերցրել։ Մեկը դուք կվերցնեք, մյուսը՝ ես, և մենք հավասար զենքով կկռվենք։

— Դա ուրիշ բան է,— պատասխանեց Սանչոն,— այդ տեսակ կռվում վիրավոր չի լինի, մենք միայն իրարից փոշի կհանենք։

— Դա այնքան էլ ճիշտ չէ,— առարկեց մյուսը,— որպեսզի քամին չտանի մեր պարկերը, մենք մեջը մի վեց հատ միանման քար կգցենք, ապա թե իրար կհարվածենք առանց վնասի և կորուստի։

— Այդ մեկը չեղա՜վ,— պատասխանեց Սանչոն։— Անգամ եթե բոժոժներ լցնելու լինեք մեջը, ես դարձյալ չեմ կռվի։ Կարիք չկա միջոցներ որոնել մեր կյանքը կարճելու սահմանված ժամկետից առաջ։ Երբ որ հասնենք՝ վայր կընկնենք ծառից։ Մեկ էլ ես այնքան ապերախտ չեմ, որ կռվեմ մի մարդու հետ, որի հետ կերել-խմել եմ։ Մանավանդ որ ինձ ոչ վիրավորել են, ոչ նեղացրել։

— Դրա դեմ էլ ճար կգտնվի,— ասաց մյուսը։— Կռիվն սկսելուց առաջ ես կմոտենամ ձերդ ողորմածությանը և մի երեք-չորս ապտակ կտամ, այնպես որ դուք վայր ընկնեք գետին, այն ժամանակ ձեր ցասումը կզարթնի, թեկուզ դուք արջամկից էլ քնկոտ լինեք։

— Այդ տեսակ ոտնձգության դեմ,— պատասխանեց Սանչոն,— ես պաշտպանվելու հնար կգտնեմ։ Մի լավ մահակ կվերցնեմ, նախքան ձերդ ողորմածությունը իմ զայրույթը արթնացնի, այնպիսի հարվածներ կհասցնեմ, որ ձեր ցասումը կքնի և թերևս այն աշխարհում կզարթնի։

Հազիվ էր լույսը բացվել և հնարավոր դարձրել տեսնել և զանազանել առարկաները, առաջին բանը, որ ներկայացավ Սանչո Պանսայի աչքերին, Անտառի ասպետի զինակրի քիթն էր։ Քիթն այնքան մեծ էր, որ ստվերը ծածկում էր իր տիրոջ գրեթե ողջ մարմինը։ Այդ արտասովոր մեծության քիթը բադրիջանի պես մանուշակագույն էր, ամբողջապես ծածկված գորտնուկներով։ Քթի մեծությունը, գույնը, ծռությունն ու գորտնուկները զինակրի դեմքը այնքան այլանդակ էին դարձնում, որ Սանչոն երեխայի պես սկսեց ձեռք ու ոտները թափահարել և վճռեց, որ ավելի շուտ կհամաձայնի երկու հարյուր ապտակ ստանալ, քան գրգռել այդ հրեշի զայրույթը և հետը կռիվ անել։

Դոն Կիխոտը, իր հերթին, նայեց հակառակորդին, բայց վերջինս սաղավարտը դրել ու երեսակալը իջեցրել էր, այնպես որ նրա դեմքը տեսնել չկարողացավ։ Նա միայն նկատեց, որ անծանոթը թիկնեղ էր և ոչ բարձրահասակ։

Դոն Կիխոտը ամեն ինչ զննեց, դիտեց և եզրակացրեց արտաքին նշաններից, որ այդ ասպետը ահագին ուժի տեր պիտի լինի։

— Մինչև մենք ձի հեծնենք,— ասաց դոն Կիխոտը,— դուք կարող եք ինձ ասել, իրո՞ք ես այն իսկ դոն Կիխոտն եմ, որին, ձեր ասելով, հաղթել եք։