— Դրան ես կպատասխանեմ,— պատասխանեց Անտառի ասպետը,— որ դուք նմանք եք հաղթված ասպետին, ինչպես մեկ ձուն՝ մյուսին։ Սակայն քանի որ դուք պնդում եք, թե ձեզ հալածում են կախարդները, ապա ես չեմ վստահում հաստատել, դո՞ւք եք արդյոք ծպտվել այն արտաքինի մեջ, թե՞ մեկ ուրիշը,
— Այդքանն էլ բավական է ձեր մոլորությունը հաստատելու համար,— ասաց դոն Կիխոտը։— Դուք իսկույն կհամոզվեք, որ իմ տիրուհու ու թրի օգնությամբ շատ ավելի կարճ ժամանակում ես կտեսնեմ ձեր երեսը, քան ձեզ պետք կգար սաղավարտի երեսկալը բարձրացնելու համար, և դուք կհամոզվեք, ձեր հաղթած դոն Կիխոտը չեմ, որի տեղ դուք ինձ ընդունում եք։
Սրանով վերջացավ նրանց խոսակցությունը։ Նրանք ձի հեծան։ Դոն Կիխոտը շուռ տվեց Ռոսինանտի գլուխը, որպեսզի հակառակորդի վրա հարձակվելու համար հեռվից թափ վերցնի։ Նույնն արեց նաև Անտառի ասպետը։
Սանչոն, տեսնելով, որ իր տերը ետ գնաց թափ առնելու համար, չկամեցավ երես առ երես մնալ մեծքթանու հետ։ Բավական է, որ նա քիթը խփի իր քթին, անցավ նրա մտքից, ու կռիվը վերջանա, որովհետև ինքը հարվածից կամ երկյուղից գետին կտապալվի։ Ուստի նա ընկավ իր տիրոջ հետևից, բռնելով Ռոսինանտի ասպանդակից և, երբ որ նրա հաշվով ետ դառնալու ժամանակը հասավ, ասաց.
— Ձերդ ողորմածություն, աղաչում եմ, նախքան թշնամու վրա հարձակվելը օգնեցեք բարձրանամ այս կաղնու ծառը, որտեղից ինձ համար ավելի հարմար կլինի դիտել ձերդ ողորմածության քաջարի մենամարտը այն ասպետի հետ։
— Ավելի ճիշտ կլիներ ասել, Սանչո,— պատասխանեց դոն Կիխոտը,— որ դու ուզում ես ծառը բարձրանալ, որ կատարյալ ապահովությամբ նայես ցլամարտին։
— Ճիշտն ասած,— պատասխանեց Սանչոն,— զինակրի հրեշավոր քիթը իմ սիրտն այնպիսի ահով է լցնում, որ ես սիրտ չեմ անում նրա հետ երես առ երես մնալ։
— Այո, նա այնպիսի քիթ ունի,— ասաց դոն Կիխոտը,— որ եթե ես դոն Կիխոտը չյլինեի, ինձ էլ կվախեցներ։ Ի՞նչ արած, եկ այստեղ, որ օգնեմ ծառը բարձրանաս։
Մինչդեռ դոն Կիխոտը, Սանչոյին բարձրացնելով ծառը, հապաղում էր, Անտառի ասպետը սահմանված տարածությունն անցավ և, կարծելով, թե դոն Կիխոտն էլ նույնը արած կլինի, առանց սպասելու, որ փող փչեն, կամ այլ ազդանշան տան, շուռ տվեց իր ձիու գլուխը, որ Ռոսինանտից ավելի արագընթաց ու լավը չէր և չափ տվեց, այսինքն՝ միջակ վազքով սլացավ թշնամու դեմ։ Սակայն տեսնելով, որ դոն Կիխոտն զբաղված է Սանչոյին ծառի վրա նստացնելով, նա սանձր քաշեց և կես ճանապարհին կանգ առավ։ Ձին նրանից շատ շնորհաւկալ մնաց, որովհետև ի վիճակի չէր այլևս առաջ շարժվելու։ Իսկ դոն Կիխոտին թվաց, թե թշնամին վրա տվեց, կատաղի խթանեց Ռոսինանտի վտիտ կողերը և, ձիու գլուխը տաքացնելով, չտեսնված արագությամբ արշավեց Անտառի ասպետի վրա, որ հա խթանում ու խթանում էր իր ձին, բայց չէր կարողանում մազաչափ շարժվել տեղից։ Այսպիսի նպաստավոր