Էջ:Դոն Կիխոտ.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պայմաններում և հաջող վայրկյանին դոն Կիխոտը հարձակվեց իր թշնամու վրա, որի գլուխը ձիու պատճառով այնքան խառն էր, որ չկարողացավ, թե ժամանակ չունեցավ նիզակը կանոնավոր ձեռքում պահել։ Դոն Կիխոտը նրա շփոթմունքին ուշ չդարձնելով, առանց մի որևէ վտանգի իր համար, այնպիսի զորեղ հարված հասցրեց Անտառի ասպետին, որ վերջինս ետ-ետ սողաց ձիու գավակին ու այնպես տապալվեց գետին, որ դրանից հետո այլևս անկարող էր շարժել ձեռքն ու ոտքը, ասես սպանված լիներ։

Հենց որ Սանչոն տեսավ, թե դոն Կիխոտի հակառակորդը վայր ընկավ, իսկույն իջավ կաղնուց և վազեվազ գնաց տիրոջ մոտ։ Դոն Կիխոտն արդեն վայր էր թռել Ռոսինանտից և արձակում էր թշնամու սաղավարտը, որպեսզի իմանա՝ հո սպանված չէ՞, իսկ եթե կենդանի է՝ օգնի, որ անարգել շնչի։ Հանկարծ նա տեսավ․․․ Բայց ինչպես ասենք, թե ո՜ւմ տեսավ, որ ընթերցողին զարմանք ու զարզանդ չսաստենք։ Նա տեսավ բակալավր Սամսոն Կարրասկոյի դեմքը, կերպարանքը, տեսքը, պատկերն ու նմանությունը։ Տեսնելու պես նա բարձրաձայն գոչեց.

— Ապա վազիր, եկ այստեղ, Սանչո, սրան տես, ու դու չես հավատա քո աչքերին։ Շուտ արա, զավակս, տես թե մոգությունն ինչե՜ր կարող է անել և որքան հզոր են կախարդներն ու վհուկները։

Գետնատարած ասպետը կենդանության նշան չէր ցույց տալիս, ուստի Սանչոն ասաց դոն Կիխոտին.

— Իմ կարծիքով, տեր իմ, պետք է համենայն դեպս թուրը խփել ու խրել այս այլակերպվածի բերանը, որ իրր թե Սամսոն Կարրասկոն է։ Դուք, այդպիսով, թերևս, ոչնչացրած լինեք ձեր կախարդ թշնամիներից մեկին։

— Ճիշտ է,— համաձայնեց դոն Կիխոտը,— որքան քիչ թշնամի՝ այնքան լավ։

Նա թուրը քաշեց, որ Սանչոյի խորհուրդը կատարի։ Սակայն այդ վայրկյանին