Էջ:Դոն Կիխոտ.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղեկություն և ի՞նչ հսկաներ ու ոճրագործներ է ուղարկել վերջերս նրան նվեր, երևի նա շատ-շատերին արդեն հաղթած կլինի։

— Տիրուհիդ իմ, իմ դժբախտությունները սկիզբ ունեցել են, բայց երևի վախճան չեն ունենալու։ Ես հաղթել եմ հսկաների, ուղարկել եմ նրա մոտ ավազակներ ու չարագործներ, բայց ինչպե՞ս գտնեն նրան, քանի որ նա կախարղված է և կերպարանափոխված, դարձել է մի գեղջկուհի, որի այլանդակությունն աներևակայելի է։

— Չգիտեմ,— միջամտեց Սանչո Պանսան,— նա ինձ թվաց աշխարհիս ամենագեղեցիկ էակը։ Համենայն դեպս, նա այնքան թեթև է, որ լարախաղացից էլ լավ է ցատկում։ Ազնիվ խոսք, տիրուհի դքսուհի, հենց գետնից նա այնպես է թռչում էշի վրա, ինչպես ձեր կատուն։

— Մի՞թե դու, Սանչո, տեսել ես նրան կախարդված,— հարցրեց դուքսը։

— Բա՜ չէ,— պատասխանեց Սանչոն։— Ես առաջինը դեմ առա այդ կախարդանքին։ Նա կախարդված է իմ հանգուցյալ հոր պես։

Ապա դուքսը տեղեկանալով, որ դոն Կիխոտր խոստացել է Սանչոյին մի կղզու կառավարիչ նշանակել, ասաց.

— Պարոն դոն Կիխոտին պատված լինելու համար ես հանձնում եմ ձեզ մի բավական մեծ կղզի։ Գնացեք և կառավարեցեք, Սանչո բարեկամ։

— Ծնկի արի,— ասաց դոն Կիխոտը,— և համբուրիր նորին պայծառափայլության ձեռքը նրա արած շնորհի համար։

Սանչո Պանսան հնազանդվեց։

ԳԼՈՒԽ XXXVIII
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՆ ԴԱՐՁԱՎ
ԿՂԶՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ

Դուքսը հրամաններ ու հրահանգներ արձակելով ծառաներին ու վասալներին, թե ինչպես պիտի նրանք վարվեն Սանչոյի հետ, երբ որ վերջինս գա վարչապետի պաշտոնով իրեն խոստացված կղզին, հետևյալ օրը Սանչոյին ասաց, որ արդեն ժամանակն է ճանապարհ ընկնելու կղզին, որովհետև կղզիաբնակները սպասում են նրան՝ ինչպես գարնան անձրևին։

— Շատ բարի,— համաձայնեց Սանչոն,— ես կաշխատեմ այնպես կառավարել կղզին, որ իմ հոգին, ի հեճուկս բոլոր կողոպտիչների, ուղիղ երկինք գնա։ Իմ հասակից բարձր թռչելու ընչաքաղց ցանկությունից և մեծ մարդ դառնալու համար չեմ գնում այդ գործին, այլ պարզապես ուզում եմ վարչապետության համը տեսնել։

— Եթե դուք մեկ անգամ միայն համը տեսնեք, Սանչո,— պատասխանեց դուքսը,— ապա ձեր ձեռքերն էլ այդ կերակուրի հետ կուլ կտաք, որովհետև աշխարհիս երեսին ավելի քաղցր բան չկա, քան հրամայել և տեսնել, որ ձեզ հնազանդվում են։ Եվ, անշուշտ, երբ որ ձեր տերը կայսր դառնա,— իսկ իրերի ընթացքից դատելով նա, իհարկե, դառնալու է,— ոչ մի ուժով հնարավոր չի