ձայնով հարցրեց, թե ինչպես է բժշկի անունը և որտեղ է նա ուսում առել։
Բժիշկը պատասխանեց.
— Տեր վարչապետ, ես կոչվում եմ Պեդրո Ռեսիո դե Ադուրեո։ Ես ծնվել եմ Տիրտեաֆոլերա գյուղում, որ գտնվում է Կարակուելի և Ալմադովար դե Կամպոյի միջև, աջ կողմի վրա, իսկ գիտական աստիճանս ստացել եմ Օսունայի համալսարանում։
Սանչոն, կատաղությամբ բռնկված, բղավեց.
— Ահա թե ինչ, պարոն բժիշկ Պեդրո Ռեսիո դե Մալ-Ագուերո, Տիրտեաֆուերայում ծնված, որ գտնվում է աջ կողմի վրա, եթե Կարակուելից գնալու լինես Ալմադովար դել Կամպո, և Օսունայում գիտական աստիճանի արժանացած, ապա կորեք այստեղից և շուտո՛վ։ Թե չէ, իմ արևը վկա, մի մահակ կվերցնեմ և, սկսելով ձեզնից, բոլոր բժիշկներին կքշեմ կղզուց, համենալն դեպս բոլոր տգետ բժիշկներին։ Իսկ իմաստուն, փորձառու և գիտուն բժիշկներին կպահեմ աչքիս լույսի պես և կպատվեմ որպես սուրբ մարդկանց։ Իսկ հիմա ուտելու բան տվեք, կամ ետ վերցրեք վարչապետությունը, որովհետև մի պաշտոն, որը չի կարող կերակրել, լոբու հատիկ էլ չարժե։
Վարչապետին այդքան սաստիկ զայրացած տեսնելով, բժիշկը շփոթվեց և արդեն դահլիճից փախչելու վրա էր, որ փողոցում հնչեց շեփորըր։ Սենեկապետը դուրս նայեց լուսամուտից և, մոտենալով Սանչոյին, ասաց.
— Տեր, դուքսից սուրհանդակ է եկել, երևի որևէ կարևոր հանձնարարությամբ։
Ներս մտավ սուրհանդակր հևիհև ու փոշոտ և, գրպանից մի նամակ հանելով, հանձնեց վարչապետին, իսկ Սանչոն մեկնեց սենեկապետին և հրամայեց կարդալ հասցեն։
Գրած էր՝ «Դոն Սանչո Պանսային, Բարատարիո կղզու վարչապետին։ Հանձնել անձամբ նրան կամ նրա քարտուղարին»։
Սանչոն հարցրեց.
— Իսկ ո՞վ է իմ քարտուղարը։
— Ես,— պատասխանեց մեկը,— որովհետև գրել-կարդա լ գիտեմ։
Նորաթուխ քարտուղարը պատվերը կատարեց և, կարդալով նամակը, հայտարարեց, որ նման գործերի մասին կարելի է խոսել միայն երես առ երես։
Սանչոն հրամայեց, որ բոլորր դուրս գան դահլիճից, ապա քարտուղարը կարդաց հետևյալ նամակը.
«Պարոն դոն Սանչո Պանսա, ես տեղեկացել եմ, որ իմ և ձեր թշնամիները հարձակում են պատրաստում ձեր կղզու վրա մոտակա գիշերներից մեկը, իսկ թե երբ՝ ինձ անհայտ է։ Ուստի արթուն կացեք և հսկեցեք, որ ձեզ հանկարծակիի չբերեն։ Նաև իմացա վստահելի լրտեսներիս միջոցով, որ ինչ-որ չորս հոգի, ծպտված, մուտք են գործել ձեր կղզին, մտադիր լինելով զրկել ձեզ կյանքից, որովհետև ձեր իմաստությունը նրանց երկյուղ է ներշնչում։ Աչքերդ չորս դարձրեք, խուզարկեցեք ամենքին, ովքեր գալու լինեն ձեզ մոտ ընդունելության և հրաժարվեցեք բոլոր կերակուրներից, որ առաջարկելու լինեն ձեզ։ Եթե ձեզ վտանգ սպառնալու լինի, ես անհապաղ օգնության կհասնեմ։