Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոլոր այդ գործերում ղեկավարվեք ձեզ հատուկ խոհեմությամբ։ Գրած է մեր դղյակում, օգոստոսի տասնվեցին, առավոտյան ժամը չորսին։

Ձեր բարեկամ
ԴՈՒՔՍ»

Սանչոն ապուշ կտրեց, նրա մերձավորներն էլ զարմացած ձևացան։ Դիմելով սենեկապետին, նա ասաց.

— Ահա թե հիմա ինչ պիտի անել, այն էլ՝ անհապաղ։ Ստորեկրյա զնդանը նետել բժիշկ Ռեսոյին, որովհետև եթե մեկնումեկը մտադիր է ինձ սպանելու ապա, անշուշտ, նա է։ Նա նյութել է ինձ համար ամենադաժան մահը՝ սովամահությունը։ Հաց տվեք ինձ և մի չորս գրվանքա խաղող։ Սա հո չի՞ կարող թունավորված լինել, իսկ առանց ուտելու ես չեմ կարող յոլա գնալ։ Եվ եթե մենք պետք է պատրաստ լինենք մեզ սպառնացող մարտին, ապա պետք է լավ սնվենք, որովհետև քաջությունը կախված է ստամոքսից և ոչ թե ստամոքսը՝ քաջությունից։ Իսկ դուք, քարտուղար, պատասխանեցեք իմ տիրոջը՝ դուքսին, և գրեցեք, որ նրա բոլոր հրամանները ճշտիվ կատարված կլինեն, առանց բան բաց թողնելու։

Իսկ հիմա, հավաքեցեք սեղանը, ինձ համար ուտելու բան բերեք, և եթե որևէ լրտեսներ, մարդասպաններ ու կախարդներ հարձակվելու լինեն ինձ վրա, ես նրանց հախիցը կգամ։

ԳԼՈՒԽ XXXIX
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է,
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴՔՍՈՒՀՈՒ ՄԱՆԿԼԱՎԻԿԸ
ՆԱՄԱԿ ՈՒ ՆՎԵՐՆԵՐ ՏԱՐԱՎ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՑԻ ԿՆՈՋԸ՝
ԹԵՐԵՍԱ ՊԱՆՍԱՅԻՆ

Դքսուհին, դոն Կիխոտին ծաղրելու նպատակով, ուղարկեց իր մանկլավիկներից մեկին Սանչոյի կնոջ՝ Թերեսա Պանսայի մոտ, տալով նրան մեկ նամակ իր կողմից, մյուսը՝ Սանչոյի։ Բացի այդ, նա մարջանի մի երկար շարան նվեր ուղարկեց։

Մանկլավիկը խելքը գլխին և ճարպիկ տղա էր։ Նա սիրով ճամփա ընկավ Սանչոյի գյուղը, կամենալով հաճոյանալ իր տերերին։

Դեռ գյուղ չմտած, նա տեսավ առվի ջրում լվացք անող կանանց, որոնցից հարցրեց, չգիտե՞ն արդյոք, թե որտեղ է ապրում Թերեսա Պանսա անունով կինը, ոմն Սանչո Պանսայի, դոն Կիխոտ Մանչացի ասպետի զինակրի տիկինը։ Լսելով այդ խոսքերը, լվացք անող աղջիկներից մեկը վեր կացավ և ասաց.

— Թերեսա Պանսան իմ մայրն է, իսկ Սանչոն՝ իմ հայրը, իսկ ասպետը, որի մասին ասացիք, մեր տերը։

— Որ այդպես է,— ասաց մանկլավիկը,— մոտ եկեք և աոաջնորդեցեք ինձ ձեր մայրիկի մոտ, որովհետև ես նրա համար ձեր հայրիկից նամակ և նվեր եմ բերել։