Էջ:Դոն Կիխոտ.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է



Լվացքը իր ընկերուհիներից մեկին հանձնելով, աղջիկը ինչպես որ կար, առանց կոշիկ հագնելու և շորերն ուղղելու, մի ոստյունով կանգնեց մանկլավիկի ձիու առջև ու ասաց.

— Գնացեք ուղիղ, ձերդ ողորմածություն, մեր տունը հենց գյուղի բերնին է, իսկ մայրիկս շատ է տխրում, վաղուց է, որ հայրիկիցս լուր չունի։

— Բան չկա, ես շատ բարի լուրեր եմ բերել։

Աղջիկը ոստոստալով ու ցատկոտելով հասավ տուն և դեռ ներս չմտած, դռան շեմքին ճչաց.

— Դուրս արի, մայրի՜կ, մեզ մոտ ինչ-որ պարոն է եկել, որ մեր բարի հայրիկից նամակներ ու զանազան իրեր է բերել։

Այդ աղմուկի վրա դուրս եկավ նրա մայրը՝ Թերեսա Պանսան, որ կտավի թել էր մանում։ Տեսքից նա քառասունվեց անց կլիներ, բայց ծեր չէր թվում, ամրակազմ, ջլուտ ու թուխ կին էր։

Տեսնելով իր աղջկան և հեծյալ մանկլավիկին, նա հարցրեց.

— Ի՞նչ կա, աղջիկս, ո՞վ է այդ պարոնը։

— Իմ տիրուհի դոնյա Թերեսա Պանսայի խոնարհ ծառան,— պատասխանեց մանկլավիկը։

Այս խոսքերն ասելով նա վար ցատկեց ձիուց և ակնածությամբ ծնկի եկավ տիրուհի Թերեսայի առջև։

— Ողջունում եմ ձերդ ողորմածությանը, Բարատարիո կղզու լիազոր վարչապետ, պարոն դոն Սանչո Պանսայի սեփական և օրինական տիկնոջը։

— Ախ, պարոն, հերիք է։ Այդ ի՞նչ եք անում,— պատասխանեց Թերեսան։ — Ես հո պալատական տիկին չեմ, այլ հասարակ գեղջկուհի, ռանչպարի աղջիկ և թափառական ասպետի զինակրի կին։

— Ոչ, ձերդ ողորմածություն,— ասաց մանկլավիկը,— դուք ամենաարժանավոր վարչապետի արժանավորագույն ամուսինն եք։ Իմ խոսքերի ճշմարտության մեջ համոզվելու համար ընդունեցեք, ձերդ ողորմածություն, այս նամակներն ու նվերները։

Այստեղ նա գրպանից հանեց մարջանի մանյակը՝ մեծ-մեծ ոսկի հատիկներով և, գցելով նրա պարանոցին, շարունակեց.

— Ահավասիկ մի նամակ պարոն վարչապետից։ Ինձ ձեզ մոտ ուղարկողը դքսուհին է, որ կարգադրել է հանձնել ձեզ մարջանը և մի նամակ։

Թերեսան ապուշ կտրեց, իսկ աղջիկը առավել ևս։

— Կարդացեք ինձ համար, ձերդ ողորմածություն, պարոն ազնվական,— ասաց Թերեսան,— թել մանելում վարպետ եմ, գիր կարդալում՝ խեղճ։

Մանկլավիկը կարդաց Սանչոյի նամակն էլ, դքսուհունն էլ։

— Ա՜խ,— գոչեց Թերեսան,— ի՜նչ բարի, պարզ ու պարկեշտ տիրուհի է նա։

— Ձեր սիրտը ավելի ևս կուրախանա,— ասաց մանկլավիկը,— եթե դուք այս կապոցն էլ բանաք։ Մեջը նրբագույն մահուդից զգեստ է, որ վարչապետը միայն մեկ անգամ է հագել որսի գնալուց, իսկ հիմա ուղարկում է տիկին Սանչայի համար։

Այնինչ Թերեսան, նամակները ձեռքին, մանյակը՝ պարանոցին, վազեց փողոց, մատներով խփելով նամակներին, ինչպես դափ են խփում և պատահմամբ