Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկույն բերին երկու մեծ վահան, որ նախապես պատրաստել էին և, առանց թույլ տալու, որ Սանչոն շորերը հագնի, մեկ վահանը՝ առջևից, մյուսը՝ հետևից, ամուր կապեցին։ Վահաններով սեղմված, ինչպես տախտակներով, նա իլիկի պես ուղիղ կանգնել էր, անկարող լինելով ոչ ծունկ ծռել, ոչ քայլել։ Նրա ձեռքը մի նիզակ տվին, որի վրա հենվեց, որ վայր չընկնի։ Այդպես զարդարելով նրան, առաջարկեցին ճամփա ընկնել, առաջնորդել և արիացնել մարտիկներին։ Նրանք ավելացրին, թե ամեն ինչ լավ կվերջանա, եթե նա կողմնացույց, լապտեր և լուսատու լինի։

— Ինչպե՞ս գնամ, խեղճ ողորմելիս,— բացականչեց Սանչոն,— քանի որ անկարող եմ ծնկներս շարժել։ Այս տախտակները մխրճվում են մարմնիս մեջ և կաշկանդում ինձ։ Ձեզ մնում է միայն, որ ինձ ձեռքերի վրա տանեք-կանգնեցնեք կամ պառկեցնեք որևէ դռան արանքում, որ ես պաշտպանեմ նիզակով կամ մարմնովս։

— Եկեք, տեր վարչապետ, ձեզ ոչ թե տախտակներն են կաշկանդում, այլ երկյուղը։ Շուտ արեք, եկեք, ուշ է արդեն, թշնամու թիվն էլ հա՛ աճում է, աղմուկն ավելանում, և աղետը վրա է հասնում։

Նրանք այնպես էին համոզում ու հայհոյում, որ խեղճ վարչապետը, վճռելով վերջապես շարժվել, թրմփաց գետնին այնքան ուժեղ, որ թվում էր, թե փշուր-փշուր եղավ։ Նա մնաց պառկած գետնին, ինչպես կրիան, կծկված ու ներփակված իր պատյանի մեջ, կամ խոզի բուդ, երկու տաշտի արանքում, կամ թե ավազով լեցուն մակույկ։ Անգամ Սանչոյի վայր ընկնելուց հետո զվարճասերները նրան մազաչափ չխղճացին, ընդհակառակն, հանգցրին ջահերը, սկսեցին գոռալ ավելի ուժգին, ավելի մոլեգին զենքի կոչել և տրորել խեղճ Սանչոյին, թրերով անընդհատ զարկելով նրա վահաններին, այնպես որ եթե խեղճ վարչապետը գունդուծկիկ չդառնար, գլուխը ներս քաշելով վահանների մեջ, նրա բանը բուրդ կլիներ։ Ամեն կողմից սեղմված, քափ ու քրտինք կտրած, նա հոգով-սրտով աղոթում էր աստծուն և աղաչում, որ դուրս բերի իրեն այս կրակից։ Ոմանց ոտքը դեմ էր առնում նրա վահանին, ոմանք գլորվում էին նրա վրա, իսկ մարդու մեկն էլ բարձրացավ նրա վրա և ասես թե պահակային աշտարակից, երկար ու բարակ հրամաններ էր արձակում զորքին, բարձրաձայն աղաղակելով.

— Մերո՛նք, վազեք այստեղ, թշնամին այս կողմի վրա է գրոհում։ Պահակ դրեք այն մուտքի մոտ, դարպասը փակեցեք, գերաններով ծածկեցեք սանդուղքները։ Ձյութ ու կրի ամանները բերեք, կաթսաների մեջ եռման յուղ, ձեթ ու կուպր ածեցեք։ Փողոցները փակեք ներքնակներով։

Մի խոսքով, նա ամեն տեսակ ռազմական պարագաների և նյութերի անուններ էր տալիս, որոնցով սովորաբար պաշտպանում են քաղաքները պաշարման պահին, մինչդեռ կիսաշունչ Սանչոն այդ ամենը լսում, համբերում ու ինքն իրեն ասում էր.

— Ախ, աստված տար շուտով այս կղզին թշնամիները գրավեին, իսկ ես կամ մեռնեի, կամ ազատվեի այս զահրումարից։

Երկինքն անսաց նրա աղերսանքիկ, և ահավասիկ, երբ որ նա ամենից քիչ էր սպասում, հնչեցին բարձրաձայն աղաղակներ.

— Հաղթությո՜ւն, հաղթությո՜ւն, թշնամին հաղթված է։ Վեր կացե՛ք, տեր