Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարչապետ, ձերդ ողորմածություն, համեցեք, վայելեցեք հաղթանակի պտուղները և բաժանեցեք ավարը, որ արի և անհաղթ ձեռքով մենք խլել ենք թշնամուց։

— Վեր կացրեք ինձ,— տանջված ու ցավագին ձայնով ասաց Սանչոն։

Նրանք օգնեցին և, ոտքի կանգնելով, նա ասաց.

— Ավար բաժանել չեմ ուզում։ Իսկ եթե ձեզանից մեկնումեկը ինձ մի կում գինի տա և քրտինքս սրբի․․․

Սանչոյի վրայից վահանները հանեցին, նրա մարմինը սրբեցին և գինի բերին։

Նա նստեց մահճակալի վրա և ուշագնաց եղավ ահից, ցնցումից և հոգնածությունից։ Այդ կատակը սարքողներն արդեն սկսեցին զղջալ, գտնելով, որ կատակը կոպիտ դուրս եկավ։ Սակայն նրանց տխրությունը երկար չտևեց, որովհետև վարչապետը շուտով ուշքի եկավ և հարցրեց, թե ժամը քանի՞սն է։ Նրան պատասխանեցին, թե արդեն լույսը բացվում է։ Նա ոչ մի խոսք չարտասանեց և, լուռումունջ, սկսեց շորերը հագնել։ Բոլորը սպասում էին, թե նրա արագ-արագ հագնվելու վերջն ինչ պիտի լինի։

Վերջապես Սանչոն հագնվեց ու դանդաղ քայլերով, որովհետև նա այնքան ջարդված էր, որ ավելի արագ շարժվել չէր կարող, գնաց դեպի գոմ, ուր նրա հետևից գնացին բոլոր մերձավորները։

Սանչոն մոտեցավ իր իշուկին, գրկեց, քնքշորեն համբուրեց նրա ճակատը և, արցունքն աչքերին, ասաց.

— Իմ ընկերս, բարեկամս և օգնականս գործերիս և աղետներիս պահին։ Երբ որ ես քեզ հետ էի ապրում, իմ բոլոր մտքերը կլանում էր քո սարքը նորոգելու, քո որովայնը սնելու հոգսը։ Ճշմարիտ, երջանիկ էին իմ ժամերը, օրերն ու տարիները։ Բայց քեզ լքեցի թե չէ, բարձրացա փառասիրության և պարտության աշտարակը, հոգիս պատեցին հազար ու մի ցավեր, հազար ու մի հոգս և չորս հազար հուզմունք։

Այդ խոսքերն արտասանելով, նա միաժամանակ փալանում էր էշին։

Բոլորը լուռ էին։

Էշին փալանելուց հետո Սանչոն, տնքտնքալով, ախ ու վախով, նստեց վրան և դառնալով սենեկապետին, քարտուղարին, բժիշկ Պեդրո Ռեսիոյին և մյուսներին, ասաց.

— Ճամփա տվեք, սիրալիր պարոններ, թույլ տվեք, որ ես վերադառնամ իմ նախկին կյանքին։ Թույլ տվեք, գնամ-որոնեմ իմ անցյալ կյանքը, որպեսզի հարություն առնեմ իմ այժմյան մահվանից։ Ես վարչապետ լինելու, թշնամիներից կղզի ու քաղաք պաշտպանելու համար չեմ ծնված։ Իմ խելքն ավելի լավ է կտրում, թե ինչպես պետք է վարել, փորել հողը, էտել խաղողի որթը, քան թե հրատարակել օրենքներ և պաշտպանել պետությունը։ Ինձ ավելի կվայելի ձեռքիս մանգաղ բռնել, քան վարչապետի գայիսոն։ Ես գերադասում եմ պառկել կաղնու հովանու տակ, իսկ ձմեռը փաթաթվել ոչխարի մորթու մեջ, քան այս վարչապետական տաժանքը կրել, քնել հոլանդական սավանի վրա և սամույրի մուշտակ հագնել։ Հաղորդեցեք իմ տիրոջը՝ դուքսին, որ ես ծնվել եմ մերկ և մերկ էլ մնացել եմ, ոչինչ չեմ տարել և տանուլ չեմ տվել։ Ասելս այն է, որ ես դատարկ գրպանով սկսեցի պաշտոնավարել և դատարկաձեռն էլ թողնում եմ պաշտոնս։ Սովորաբար, ուրիշ կղզիներում վարչապետները