Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թույլտվություն խնդրեց։ Նրանք թույլ տվին, բայց և խորին վիշտ հայտնեցին նրա գնալու առիթով։ Դքսուհին հանձնեց Սանչոյին նրա կնոջից ստացված նամակը, Սանչոն, արցունքն աչքերին, ասաց.

— Ո՞վ կարող էր կարծել, որ իմ կնոջ՝ Թերեսա Պանսայի, կրծքում ծագած մեծամեծ հույսերը՝ իմ վարչապետության լուրն առնելուց, նրանով պիտի վերջանան, որ ես նորից վերադառնամ իմ տեր դոն Կիխոտ Մանչացու կործանիչ արկածներին։

Դոն Կիխոտը գնալու նախօրյակի երեկոյան հրաժեշտ տվեց դուքսին և դքսուհուն, ու վաղ առավոտյան, սպառազինված, դուրս եկավ դղյակի առջևի հրապարակը։ Դղյակի ողջ բնակչությունը դուրս թափվեց, ասենք դուքսն ու դքսուհին էլ դուրս եկան՝ նայելու նրանց։ Սանչոն նստել էր իր էշին, ճամփորդական պայուսակն ու պաշարեղենով լի խուրջինը հետը ուրախ-զվարթ, որովհետև դուքսի սենեկապետը նրան ճամփի ծախսերի համար, առանց դոն Կիխոտի գիտության, մի քսակ էր տվել, մեջը՝ երկու հարյուր ոսկի։

Դոն Կիխոտը գլուխ տվեց դղյակի տերերին, ապա և մնացյալներին ու Ռոսինանտի գլուխը շոյելով, ճանապարհ ընկավ Սանչոյի ուղեկցությամբ։

Երբ որ նրանք ելան արձակ դաշտ, դոն Կիխոտն զգաց իրեն ազատ, իր տարերքում և զգաց մեջը նոր ուժ իր ասպետական գործերը կատարելու համար։ Շրջվելով դեպի Սանչոն, նա ասաց.

— Ազատությունը, Սանչո, մեծագույն բարիքներից մեկն է, որ երկինքը շնորհել է մարդուս։ Նրան չեն հասնի բոլոր գանձերը, որ պարփակված են հողի ծոցում կամ թաքնված ծովի հատակին։ Ազատության, ինչպես և պատվի համար կարելի է և անհրաժեշտ, որ մարդս վտանգի ենթարկի իր կյանքը։ Ընդհակառակն՝ գերությունը մարդուս հասած չարիքներից վատթարագույնն է։ Դու ինքդ տեսար, Սանչո, թե ինչ շքեղ և փառավոր ընդունելություն ցույց տվեցին մեզ դղյակում, որ մենք թողինք հեռացանք։ Սակայն այն ընտիր խորտիկներն ու զովացուցիչ խմիչքներն առջևիս՝ ինձ թվում էր, թե ինձ կեղեքում է քաղցը, որովհետև ես չէի ճաշակում դրանք այնպիսի ազատությամբ, ինչպես կվայելեի, եթե իմը լինեին։ Պարտականությունները, որ դնում են բարեգործությունն ու շնորհները՝ պիրկ կապանք են, որ կաշկանդում են հոգու ազատությունը։ Երջանիկ է նա, ում երկինքը տվել է մի կտոր հաց, որի համար նա ոչ ոքի պարտական չէ, բացի իրենից։

Այդ և հետևյալ օրը նրանք անցկացրին ճամփին և ամբողջ այդ ժամանակամիջոցում այնպիսի բան չպատահեց, որ արժանի լիներ հիշատակության։

Վերջապես նրանք հասան իրենց գյուղը և, մտնելուն պես, հանդիպեցին քահանային ու բակալավր Կարրասկոյին։ Քահանան ու բակալավրը իոկույն ճանաչեցին մեր թափառականներին և գրկաբաց վազեցին ընդառաջ։ Դոն Կիխոտը իջավ ձիուց և ամուր գրկեց բարեկամներին։

Ասպետն ու զինակիրը քահանայի ու բակալավրի հետ ուղևորվեցին դոն Կիխոտի տունը, որի շեմքին կանգնած էին դոն Կիխոտի զարմուհին ու տնտեսուհին։

Լուրը հասավ Թերեսա Պանսային, որը գզզված մազերով, կիսահագնված, իր աղջիկ Սանիչկայի ձեռքից բռնած, վազելով եկավ, որ դիմավորի