Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլ կերպ են վարվում։ Դե, ճամփա տվեք, ես գնում եմ բժշկվեմ, որովհետև առողջ տեղ չի մնացել վրաս։

— Հնարավոր բան չէ, պարոն վարչապետ,— բացականչեց բժիշկ Ռեսիոն,— ես ձերդ ողորմածությանը դեղ կտամ, որը կվերադարձնի ձեզ ձեր նախկին ուժն ու առողջությունը։

— Ուշ է, ուշ,— պատասխանեց Սանչոն։— Ավելի շուտ ես թուրք կդառնամ, քան կփոխեմ իմ որոշումը։ Ես Պանսաների ցեղից եմ, որ համառ մարդիկ են։ Եթե մեզանից մեկնումեկն ասել է, թե սա կենտ է, կնշանակի կենտ է, թեկուզ զույգ է։

Սենեկապետն ասաց.

— Տեր վարչապետ, մենք ամենայն պատրաստակամությամբ ձեզ թաց կթողնենք, թեև շատ ծանր է մեզ համար զրկվել ձեզանից։ Սակայն ամենքին հայտնի է, որ յուրաքանչյուր վարչապետ, նախքան պաշտոնավայրից հեռանալը, պարտավոր է հաշիվ ներկայացնել։ Ներկայացրեք, ձերդ ողորմածություն, ձեր կառավարչության տասն օրվա հաշիվը և ապա՝ գնացեք խաղաղությամբ։

— Ինձնից ոչ ոք հաշիվ պահանջելու իրավունք չունի,— պատասխանեց Սանչոն,— բացի ինձ լիազորող անձից, տեր դուքսից։ Հիմա ես նրա մոտ եմ գնում և նրան հաշիվ կներկայացնեմ։ Ասենք, ես այստեղից տկլոր եմ գնում, էլ ի՞նչ փաստաթղթեր և փաստարկումներ են պետք ապացուցելու համար, որ ես հրեշտակի պես եմ կառավարել։

— Ազնիվ խոսք, արդարացի է մեծն Սանչոն,— բացականչեց բժիշկ Ռեսիոն։— Իմ կարծիքով, մենք կարող ենք նրան բաց թողնել, որովհետև դուքսին մեծ հաճույք կպատճառի տեսակցությունը նրա հետ։

Բոլորը համաձայնվեցին և թույլ տվին, որ Սանչոն գնա, նախապես առաջարկելով նրան պատվավոր պահակ և այն ամենը, որպեսզի ճամփորդությունը հարմար ու հաճելի լինի։ Սանչոն պատասխանեց, թե իր էշի համար կուզենար գարի ստանալ, իսկ իրեն համար հաց ու պանիր, քանի որ ճանապարհը երկար չէ, ուստի ավելի առատ և ավելի ընտիր պաշարի կարիք չունի։

Բոլորը հերթով գրկեցին նրան։ Նա էլ, արցունքն աչքերին, գրկեց նրանց և հեռացավ։

ԳԼՈՒԽ XLI
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է,
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴՈՆ ԿԻԽՈՏԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԴՈՒՔՍԻՆ
ԵՎ ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԳՅՈՒՂ

Դոն Կիխոտը որոշեց, որ ժամանակն է արդեն վերջ տալու պարապ կյանքին, որ վարում էր դղյակում։ Նրան մեծ հանցանք էր թվում ապրել մեղկ կյանքով, անվերջանալի խնջույքների և զվարճությունների մեջ, որ դուքսն ու դքսուհին սարքում էին նրա համար որպես թափառական ասպետի։ Նա խորհում էր, թե երկնքում ստիպված պիտի լինի խստիվ հաշիվ տալ այդ պարապ ու ծույլ օրերի համար։ Ուստի մի գեղեցիկ օր նա դուքսից ու դքսուհուց հեռանալու