Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սուս, Թերեսա,— պատասխանեց Սանչոն,— տուն գնանք, ես քեզ հրաշք բաներ կպատմեմ։ Գլխավորն այն է, որ հետս փող եմ բերել, իմ խելքով-մտքով աշխատած, առանց մեկին կեղեքելու։

Սանիչկան գրկեց հորը և հարցրեց, թե ինչ է բերել իր համար։ Աղջիկն սպասում էր նրան, ինչպես մայիսի անձրևին։

Կինը բռնեց Սանչոյի ձեռքից, մյուս կողմից աղջիկը՝ նրա գոտիից, և, էշն առաջներն արած, նրանք գնացին տուն, թողնելով դոն Կիխոտին իր զարմուհու և տնտեսուհու խնամքին, քահանայի ու բակալավրի հետ։

Դոն Կիխոտը, չկամենալով անգամ մեկ ժամ կորցրած լինել, իսկույն քահանայի և բակալավրի հետ առանձնացավ և հաղորդեց նրանց, թե որոշել է մեկ տարի հովվի կյանք վարել՝ թափառել դաշտում, մենության մեջ, անձնատուր լինել իր նվիրական անուրջներին և վարժվել խաշնարածի առաքինի կենցաղին։ Ու հարցրեց նրանցից՝ չէի՞ն կամենա արդյոք ընկերանալ իրեն, եթե չեն ծանրաբեռնված ավելի կարևոր հոգսերով։

Բարեկամները մնացին զարմացած դոն Կիխոտի այս նոր խելագարությունից։ Սակայն, հուսալով, որ այդ տարվա ընթացքում նա կբուժվի, համաձայնվեցին այս նոր ձեռնարկին, հավանություն տվին այս անմտությանը, իբրև բանական մտադրության և խոսք տվին մասնակցելու։

Բարեկամները հրաժեշտ տվին դոն Կիխոտին, խորհուրդ տալով և խնդրելով, որ նա հոգ տանի իր առողջության մասին և կատարի այն ամենը, ինչ պահանջվում է դրա համար։

Ճակատագրի բերումով, այդ խոսակցությունը լսեցին դոն Կիխոտի զարմուհին ու տնտեսուհին։ Քահանան ու բակալավրը դուրս եկան թե չէ, նրանք երկուսով ներս մտան և ասացին.

— Այդ ի՞նչ կնշանակի, քեռի։ Մենք կարծում էինք, որ դուք վերջնականապես եք տուն դարձել, որ խաղաղ ու պատվավոր կյանք վարեք, իսկ դուք մտադիր եք նետվելու նոր քաոսի մեջ։

Տնտեսուհին ավելացրեց.

— Իսկ ձերդ ողորմածությունը ի վիճակի կլինի՞ տանելու ամառային շոգը, ձմեռվա մառախլապատ գիշերներն ու գայլերի ոռնոցը։ Իհարկե, ոչ։ Որովհետև դա ամուր և դիմացկուն մարդկանց զբաղմունք է, որոնք ընտրել են այդ գործը, կարելի է ասել, մանուկ հասակից։ Եթե չարյաց փոքրագույնը ընտրելու լինենք,ապա ավելի լավ է թափառական ասպետ լինել, քան հովիվ։ Ուշքի եկեք, պարոն, և հետևեցեք իմ խորհրդին, որովհետև ես կուշտ ու հարբած չեմ խորհուրդ տալիս, այլ բան չկերած և աշխարհիս երեսին կես դար ապրելուց հետո։ Մնացեք տանը, զբաղվեցեք ձեր տնտեսությամբ, ավելի հաճախ խոստովանեցեք, աղքատներին ողորմություն տվեք, և մեղքը իմ հոգու վրա, եթե ամեն ինչ դեպի լավը չգնա։

— Սուս արեք, աղջկերք,— ասաց դոն Կիխոտը,— ես ինքս գիտեմ իմ անելիքը։ Անկողինս պատրաստեցեք, քեֆս, կարծես, լավ չէ։ Հավատացած եղեք, որ ինչ էլ դառնալու լինեմ՝ թափառական ասպետ, կամ, եթե հաջողվի, հովիվ, ես միշտ հոգ եմ տանելու ձեր կարիքների մասին, ինչպես դաք կտեսնեք իրականում։

Բարի կանայք նրան պառկեցրին անկողնում, կերակրեցին և խնամեցին ամենահոգատար կերպով։