Էջ:Դոն Կիխոտ.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԳԼՈՒԽ XLII

ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴՈՆ ԿԻԽՈՏԸ ՀԻՎԱՆԴԱՑԱՎ,
ԿՏԱԿ ԳՐԵՑ ԵՎ ՎԱԽՃԱՆՎԵՑ

Այս աշխարհում հավիտենական ոչինչ չկա։ Ամեն ինչ իր արշալույսից թեքվում է դեպի մայրամուտ, մանավանդ՝ մարդկային կյանքը։ Իսկ որովհետև դոն Կիխոտի կյանքը իր վազքը դանդաղեցնելու հրաշալի ընդունակությունը չուներ, ապա նրա վախճանը վրա հասավ այն վայրկյանին, երբ նա ամենից քիչ էր սպասում դրան։

Նա հիվանդացավ տենդով, որը վեց օր նրան պահեց անկողնում։ Նրա բարեկամները՝ քահանան, բակալավրը և սափրիչը, այցելում էին ամեն օր, իսկ Սանչո Պանսան, բարի զինակիրը, չէր հեռանում նրա սենյակից։

Բարեկամները բժիշկ կանչեցին։ Սա շոշափեց դոն Կիխոտի զարկերակը և դժգոհ մնաց, ուստի խորհուրդ տվեց մեր ասպետին, համենայն դեպս, խորհել իր հոգու մասին, որովհետև մարմինը վտանգի մեջ է։

Դոն Կիխոտը հանգիստ լսեց նրան։ Սակայն այդպես չվերաբերվեցին նրա զարմուհին, տնտեսուհին և զինակիրը, որոնք սկսեցին աղեխարշ լաց լինել, ինչպես եթե դոն Կիխոտը մեռած՝ պառկած լիներ նրանց առջև։

Բժշկի կարծիքով, դոն Կիխոտին սպանողը վիշտն ու թախիծն էր։

Հիվանդը խնդրեց, որ իրեն մենակ թողնեն և, առանց զարթնելու, քնեց ավելի քան վեց ժամ, այնպես որ նրա զարմուհին ու տնտեսուհին սկսեցին վախենալ՝ հո չի՞ վախճանվել քնած տեղը։ Սակայն նա զարթնեց և շուրջը հավաքեց ազգականներին ու բարեկամներին։

Դոն Կիխոտն ասաց.

— Շնորհավորեք ինձ, բարի մարդիկ, ես այլևս դոն Կիխոտ Մանչացին չեմ, այլ Ալոնսո Կիխանոն։ Հիմա ես Ամադիս Գաղիացու և նրա բյուրավոր ժառանգների թշնամին եմ և ինձ համար ատելի են թափառական ասպետների բոլոր անհեթեթ պատմությունները։ Ես հասկացա իմ անմտությունը և այն վտանգը, որին ենթարկեցի ինքս ինձ, կարդալով դրանք։ Եվ հիմա, երբ ողորմած աստված լուսավորեց, վերջապես, իմ գլուխը, ես նրանց դատապարտում եմ։

Երբ որ ներկա գտնվողները լսեցին այդ, վճռեցին, թե որևէ այլ խելագարություն է պատել նրան, և Սամսոնն ասաց.

— Հիմա, երբ մենք պատրաստվել ենք հովիվ դառնալ և իշխանական կյանք վարել, շարունակ երգ ասելով, ձերդ ողորմածությունը վճռում է ճգնավո՞ր դառնալ։ Թողեք այդ զառանցանքները, ի սեր աստծո։

— Զառացանքն այն է, որ մինչև հիմա է եղել,— պատասխանեց դոն Կիխոտը։— Ճշմարիտ որ եղածը կործանիչ զառանցանք է եղել ինձ համար։ Ես զգում եմ, պարոններ, որ մահս բոլորովին մոտ է։ Թողնենք կատակները մի կողմ, մի քահանա կանչեցեք, որ խոստովանվեմ, և մի գրագիր, որ գրել տամ կտակս։

Բոլորը զարմացած իրար նայեցին և, թեև չկարողացան փարատել իրենց կասկածը, այնուհանդերձ հակամետ էին հավատալու նրան։ Այդ հանկարծակի