Էջ:Դոն Կիխոտ.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող է այնպիսի արկած պատահել, որ ինքը մի կղզի կնվաճի և նրան կառավարիչ կնշանակի։

Այս և նման խոստումներից ոգևորված Սանչո Պանսան (այսպես էր գյուղացու անունը) թողեց կնոջն ու երեխաներին և մտավ ծառայության իր հարևանի մոտ, իբրև զինակիր։

Ապա դոն Կիխոտն սկսեց փող հավաքել՝ մի բան ծախեց, մյուսը՝ գրավ դրեց, և մեծ վնասով բավական գումար հավաքեց։

Բացի այդ, նա իր մի բարեկամից փոխ վերցրեց կլոր վահան, մի կերպ կարգի բերեց ջարդված սաղավարտը և նախազգուշացրեց իր զինակիր Սանչոյին, որ այսինչ օրն ու ժամին ինքը մտադիր է ճամփա ընկնել, որպեսզի նա էլ պատրաստություն տեսներ։ Դոն Կիխոտը հատկապես պնդում էր, որ Սանչոն չմոռանա ճամփորդական պայուսակ վերցնելու։

Վերջինս խոստացավ, որ չի մոռանա և ասաց, որ իր երևելի էշն էլ կվերցնի հետը, որովհետև ոտքով գնալու համար իր կազմվածքն այնքան էլ հարմար չէ։ Այդ հանգամանքը մի քիչ շփոթեցրեց դոն Կիխոտին, և նա աշխատում էր մտաբերել՝ ունեցե՞լ են արդյոք թափառական ասպետները զինակիրներ, որոնք էշով են գնալիս եղել, բայց նրա միտքը ոչ մի այդպիսի դեպք չէր գալիս։

Այնուհանդերձ նա համաձայնվեց, հավատացած լինելով, որ առաջին իսկ հարմար դեպքում, առաջին իսկ հանդիպման պահին որևէ անպատկառ ասպետի հետ, կխլի նրա ձին և այդ ավելի պատվավոր կենդանուն կտա իր զինակրին։ Վերջապես, նա շապիկների և այլ անհրաժեշտ իրերի պաշար տեսավ, հետևելով իջևանատիրոջ խորհուրդներին։

Երբ որ ամեն ինչ պատրաստ էր, մի գիշեր նրանք երկուսով աննկատ դուրս եկան գյուղից։ Սանչոն անգամ մնաք բարով չասաց կնոջն ու երեխաներին, իսկ դոն Կիխոտը՝ տնտեսուհուն ու զարմուհուն։ Ողջ գիշերը նրանք առաջ ընթացան, այնպես որ երբ լույսը բացվեց, այլևս երկյուղ չկար, որ նրանց կարող են գտնել, եթե որոնելու էլ լինեն։

Սանչո Պանսան, պայուսակով ու տիկով բեռնավորված, այնպես էր բազմել էշի վրա, ասես պատրիարք լիներ։ Նա շատ անհամբեր էր խոստացված կղզու կառավարիչ դառնալու համար։ Դոն Կիխոտը պատահմամբ ձիու գլուխը շուռ տվեց այն ճամփի վրա, որով նա գնացել էր առաջին անգամ, միայն թե հիմա ավելի հաճելի էր, որովհետև ժամը վաղորդյան էր և արևի շեղ ճառագայթները նրան չէին անհանգստացնում։

Այստեղ Սանչո Պանսան ասաց իր տիրոջը.

— Տեսեք, հա՜, ձերդ ողորմածություն, պարոն թափառական ասպետ, չմոռանաք ձեր խոստումը կղզու մասին։ Ինչքան էլ մեծ լինի, ես գիտեմ, թե ինչպես կկառավարեմ։

Դոն Կիխոտը դրան պատասխանեց․

— Իմացած եղիր, իմ բարեկամ Սանչո Պանսա, որ հին ժամանակների թափառական ասպետների մեջ շատ տարածված սովորույթ է եղել նշանակել իրենց զինակիրներին նվաճած կղզիների կամ թագավորությունների կառավարիչ, և ես հաստատ որոշել եմ այդ գովելի սովորույթը վերականգնել։ Ավելին կասեմ, ես կամենում եմ ավելի հեռուն գնացած լինել. իմ նախորդները, երբեմն կամ ավելի ճիշտ՝ միշտ, սպասում էին, որ իրենց զինակիրները ծերանան