Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


և ծառայությունից ուժասպառվեն, շատ դժնդակ օրեր և առավել վատթար գիշերներ անցկացնեն, ապա շնորհում էին նրանց որևէ հովտի կամ գավառի մարկիզություն կամ կոմսություն և նույնիսկ ավելի պակաս բան։ Իսկ ես, եթե մենք երկուսս էլ կենդանի մնացինք, հնարավոր է, որ մի վեց օրից նվաճեմ այնպիսի թագավորություն, որին հպատակված լինեն մի քանի ուրիշները և որը քեզ ավելի հարմար գա, կտամ քեզ, թագադրելով քեզ արքա։ Չկարծես, թե ես չափազանցում եմ՝ թափառական ասպետներին այնպիսի պատմություններ ու դեպքեր են պատահում, որ ոչ ոք ո՛չ տեսել է, ո՛չ երևակայել։ Այնպես որ ես հեշտությամբ կարող եմ նվիրել քեզ խոստացածիցս էլ ավելին։

— Ասել է թե,— պատասխանեց Սանչոն,— եթե, ոնց որ ձերդ ողորմածությունն է ասում, հրաշքով թագավոր դառնամ, իմ կնիկս էլ թագուհի՞ կդառնա, զավակներս էլ թագաժառանգնե՞ր։

— Ի՜նչ կասկած,— պատասխանեց դոն Կիխոտը։

— Ես էլ չեմ կասկածում,— պատասխանեց Սանչո Պանսան,— մանավանդ որ այնպիսի հզորազոր տեր ունեմ, ինչպես ձերդ ողորմածությունն է՝ անշուշտ դուք ինձ կնվիրեք այն, ինչ որ ավելի հարմար ու հաճելի լինի ինձ համար։

ԳԼՈԻԽ VIII
ՓԱՌԱՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՏԱՐԱՎ ԱՐԻ ԴՈՆ ԿԻԽՈՏԸ
ՀՈՂՄԱՂԱՑՆԵՐԻ ԴԵՄ ՄՂԱԾ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԵՎ ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ
ՄԱՐՏՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԱՅԼ ԱՆՑՔԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՐԺԱՆԻ
ԵՆ ՀԱՃԵԼԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ

Այստեղ դաշտի մեջ նրանք տեսան երեսուն թե քառասուն հողմաղաց։

Նկատելով դրանք, դոն Կիխոտն ասաց իր զինակրին.

— Բարի բախտը ավելի լավ է դասավորում մեր գործերը, քան մենք կարող էինք ցանկանալ։ Նայիր այն կողմ, Սանչո Պանսա, բարեկամ, տեսնում ես երեսուն, գուցե էլ ավելի ահեղ հսկաներին։ Իսկույն ես կմարտնչեմ նրանց դեմ և կկոտորեմ բոլորին, մինչև վերջինը։ Այս ավարը կդառնա մեր հարստության սկիզբը։ Որովհետև արդար և հաճո է աստծուն այն մարդը, որ սույն չար սերմը վերացնի աշխարհիս երեսից։

— Ի՞նչ հսկաներ են որ,— հարցրեց Սանչո Պանսան։

— Այն, որ քո առջևն են,— պատասխանեց դոն Կիխոտը։— Տեսնո՞ւմ ես, ի՜նչ ահագին ձեռքեր ունեն։ Ոմանց ձեռքերի երկարությունը գրեթե երկու մղոն է։

— Զգուշացեք, ձերդ ողորմածություն, այն, ինչ երևում է, իսկի էլ հսկաներ չեն, այլ հողմաղացներ, իսկ այն, ինչ դուք ձեռքերի տեղ եք դնում, թևեր են, որ պտույտ են գալիս քամուց և պտտացնում աղացքարերը։

— Իսկույն երևում է,— պատասխանեց դոն Կիխոտը,— որ արկածների գործում դու դեռ անփորձ ես։ Հսկանե՛ր են։ Եվ եթե դու վախենում ես, ապա