Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առնելու, ուստի այն տեղը, որտեղ իջևանել էր դոն Կիխոտը, նրանց էլ էր հարմար թվացել։

Ռոսինանտը հակառակ իր բնավորության և սովորությունների, առանց տիրոջից թույլտվություն խնդրելու, մեկ էլ թեթև վազքով վազեց դեպի երամակը։ Սակայն մադիանները նրան աքացիներով ու խածելով դիմավորեցին։ Վայրկենապես նրա փորկապը կտրվեց, և Ռոսինանտը մնաց առանց թամբի։ Ձիուն ավելի դառնություն հասավ ձիապաններից, որոնք հարձակվեցին նրա վրա մահակներով և հախիցն այնպես եկան, որ խեղճը կիսամեռ փռվեց գետին։

Դոն Կիխոտն ու Սանչոն, տեսնելով Ռոսինանտի ջարդը, շնչակտուր մոտ վազեցին։

— Իսկույն երևում է, Սանչո բարեկամ,— ասաց դոն Կիխոտը,— որ սրանք ասպետներ չեն, այլ ստոր մարդուկներ։ Դու կարող ես ամենայն իրավամբ ինձ օգնել, որպեսզի ես Ռոսինանտին հասցրած ջարդի վրեժը լուծեմ ըստ արժանվույն։

— Վա՜յ այդ վրեժին,— պատասխանեց Սանչոն։— Նրանք քսան հոգուց ավելի են, իսկ մենք՝ երկու, եթե չասեմ մեկ ու կես։

— Ես մենակ հարյուրին արժեմ,— առարկեց Կիխոտը։

Եվ, ավելորդ խոսքեր չվատնելով, նա թուրը քաշեց ու հարձակվեց ձիապանների վրա։ Իր տիրոջ օրինակից վարակվելով ու վառվելով, նույնն արեց նաև Սանչո Պանսան։

Դոն Կիխոտն իսկույն հարվածեց մի ձիապանի և կտրեց նրա հագի չուխան և ուսի մի մասը։

Մնացած ձիապանները տեսնելով, որ իրենք՝ շատվոր, երկու մարդուց ջարդ են կրում, մահակներն առան և, շրջապատելով հակառակորդներին, սկսեցին հասցնել հարված հարվածի հետևից զարմանալի ճարպկությամբ ու եռանդով։ Երկրորդ հարվածից իսկ Սանչոն փռվեց գետին, ապա նաև դոն Կիխոտը, որին քիչ օգնեցին իր վարպետությունն ու արիությունը։ Նա գլորվեց Ռոսինանտի ոտքերի մոտ։

Ապա ձիապանները, տեսնելով իրենց արարքը, ճեպով-հապճեպով հավաքեցին իրենց մադիաններին և ճամփա ընկան, թողնելով երկու արկածախնդիրներին շատ թշվառ վիճակում և առավել վատթար հոգեկան կացության մեջ։

Առաջինը ուշքի եկավ Սանչո Պանսան, որ պառկած էր տիրոջ կողքին։ Ցածր ու ցավագին ձայնով նա տնքաց.

— Պարոն դոն Կիխոտ, այ պարոն դոն Կիխոտ։

— Ի՞նչ, եղբայր Սանչո,— պատասխանեց դոն Կիխոտը նույնքան թույլ ու վշտալի ձայնով։

— Եթե հնարավոր է, ես կկամենայի,— պատասխանեց Սանչո Պանսան,— որ ձերդ ողորմածությունն ինձ տար մի երկու կում Ֆեր Բլասի բալասանից։ Գուցե թե կոտրած ոսկորներին էլ օգնի, ինչպես վերքերին։

— Ավա՜ղ,— բացականչեց դոն Կիխոտը,— եթե մենք բալասան ունենայինք՝ էլ ի՞նչ ցավ։ Սակայն երդվում եմ թափառական ասպետի պատվով,