Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահակը չհամբերեց, տարավ-բերեց ձեթով լի ճրագն ու խփեց դոն Կիխոտի գլխին այնպես, որ քիչ էր մնում նրա գանգը փշուր-փշուր աներ։ Դարձյալ սենյակն ընկղմվեց խոր խավարի մեջ, և պահակն իսկույն դուրս եկավ։

— Անկասկած, պարոն,— ասաց Սանչո Պանսան,— դա հենց հմայված մավրն է, որ կա։ Երևի թե նա գանձը ուրիշների համար է պահում, իսկ մեզ՝ բռունցքի և ճրագի հարվածներ հրամցնում։

— Երևի այդպես է,— պատասխանեց դոն Կիխոտը։— Բայց չարժե փորձել այդ տեսակ կախարդանքի դեմ կռվել։ Անօգուտ է նմանապես զայրանալ կամ գանգատվել, որովհետև քանի որ այդ ուժերն աներևույթ են և ցնորական, մենք, ինչքան էլ ջանք թափելու լինենք, չենք կարող վրեժ առնել։ Փորձիր, ապա, Սանչո, վեր կենալ ու որոնել այս դղյակի պարետին։ Աշխատիր մի քիչ յուղ, գինի, աղ և խնկունի ձեռք բերել, որ ես կարողանամ բուժիչ բալասան եփել։ Ճիշտն ասած, ես դրա կարիքը շատ ունեմ, որովհետև այդ ուրուի հասցրած վերքերից սաստիկ արյուն է գալիս։

Ոսկորների սաստիկ ցավով, Սանչոն վեր կացավ և մթության մեջ գնաց իջևանատիրոջ մոտ։ Ճանապարհին դեմ առնելով պահակին, որը հետևում էր, թե ինչ է մտադիր անելու իր հակառակորդը, ասաց.

— Ով էլ լինեք դուք, պարոն, եղեք այնքան բարեգութ ու բարեգործ, մեզ մի քիչ խնկունի, յուղ, աղ ու գինի տվեք, որպեսզի դեղ պատրաստենք թափառական ասպետներից լավագույնի համար, որը պառկած է անկողնում՝ այս իջևանատանը բնակվող կախարդ մավրի ձեռքով ծանր վիրավորված։

Լսելով այդ, պահակը վճռեց, որ իր առջև խելագար է կանգնած։ Եվ, որովհետև լույսն սկսել էր բացվել, նա դուռը բաց արեց և, իջևանատիրոջը կանչելով, հաղորդեց նրան խեղճի խնդիրքը։

Իջևանատերը տվեց Սանչոյին ինչ որ պետք էր, և վերջինս տարավ տվեց դոն Կիխոտին, որը կանգնել էր՝ ձեռքով բռնած գլուխը և գանգատվում էր ճրագով հասցրած հարվածից, թեև այդ հարվածից նրա ճակատին միայն երկու բավական խոշոր ուռուցք էր դուրս եկել, իսկ արյան տեղ նա ընդունում էր պարզապես քրտինքը, որը ծորում էր առատորեն։

Վերջապես, նա վերցրեց այդ բաղադրիչ մասերը և պատրաստեց բուժիչ խառնուրդ, պահելով կրակի վրա և խառնելով, մինչև որ նրան թվաց, թե բավական է։ Ապա մի սրվակ խնդրեց, որպեսզի խառնուրդն ածի մեջը, բայց որովհետև ողջ տանը սրվակ չգտնվեց, նա գոհացավ ձեթի թիթեղյա ամանով, որ իջևանատերն առաջարկեց նրան ձրիաբար։ Դրանից հետո թիթեղի ամանի վրա ոչ պակաս քան ութսուն անգամ «հայր մեր» ասաց և բազմաթիվ այլ աղոթքներ, յուրաքանչյուր խոսքի վրա խաչ հանելով։ Սանչո Պանսան, իջևանատերն ու պահակը ներկա էին այս գործողությանը։ Գալով ջորեպանին, նա ամենահանգիստ կերպով զբաղված էր իր ջորիներով։ Ապա դոն Կիխոտը կամեցավ իսկույն փորձել այնքան բուժիչ, իր կարծիքով, բալասանի զորությունը և միանգամից կուլ տվեց թիթեղյա ամանի մեջ չտեղավորված և կավե ամանի մեջ մնացած դեղը։ Բայց հազիվ էր նա խմել, որ սիրտն այնպես խառնեց, որ ստամոքսում եղած-չեղածը դուրս թափվեց։ Սրտախառնության հարուցած ջղաձգություններից և լարվածությունից քրտինքը թափվում էր առատությամբ, և նա խնդրեց, որ իրեն տաք-տաք ծածկեն ու մենակ թողնեն։