Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կկամենայի ես, որ ձերդ ողորմածությունը վճարեր ինձ իմ իջևանատանը գիշերելու համար, այսինքն՝ ընթրիքի և երկու անկողնու համար, ինչպես և ձեր երկու կենդանիների կեր ու դարմանի գինը։

— Ուրեմն սա իջևանատո՞ւն է եղել,— հարցրեց դոն Կիխոտը։

— Այո և լավագույն համբավ վայելող,— պատասխանեց իջևանատերը։

— Մինչև այս վայրկյանը ես մոլորության մեջ եմ եղել,— ասաց դոն Կիխոտը,— որովհետև, ճիշտն ասած, երևակայում էի, թե դղյակ է, այն էլ վատը չէ։ Բայց քանի որ դղյակ չէ, այլ իջևանատուն, ինձ մնում է խնդրել ձեզանից, որ վարձից ազատեք։ Ես չեմ կարող փոփոխել թափառական ասպետների կանոնադրությունը, որի համաձայն, ինչպես ինձ լավ հայտնի է, քանի որ գրքերում երբեք հակառակը չեմ հանդիպել, նրանք երբեք գիշերելու կամ որևէ այլ բանի համար չէին վճարում հյուրանոցին, որտեղ իջևանում էին։ Նրանք իրավամբ և ըստ օրինաց ամենուրեք լավագույն ընդունելություն էին վայելում, մի բան, որ նրանց ցույց էր տրվում ի վարձատրություն մեծամեծ նեղությունների, որ նրանք կրում են զօր ու գիշեր անցկացնելով արկածների որոնումների մեջ, ամառ ու ձմեռ, ոտքով թե ձիով, տանելով քաղց ու ծարավ, շոգ ու սառնամանիք, ենթարկվելով երկնային արհավիրքների բոլոր փոփոխություններին և երկրային աղետներին։

— Այդ գործերից խելքս քիչ է կտրում,— հայտարարեց իջևանատերը,— վճարեցեք ինձ ինչ որ հարկն է, թե չէ ես գործ չունեմ զանազան առասպելների և ասպետությունների հետ։

— Դուք անտաշ ու մուռտառ միկիտանչի եք,— բացականչեց դոն Կիխոտը։

Եվ, խթանելով Ռոսինանտին, ճոճելով իր գեղջկական նիզակը, նա անարգել դուրս եկավ բակից և բավական ճանապարհ կտրեց, առանց ետ նայելու, որ տեսնի, գալի՞ս է արդյոք իր հետևից զինակիրը, թե ոչ։

Տեսնելով, որ կենվորը գնաց առանց վճարելու, իջևանատերը իր հաշիվը ներկայացրեց Սանչո Պանսային։ Սանչոն հայտարարեց, թե քանի որ իր տերը չկամեցավ վճարել, ապա ինքը ավելի քիչ է հակված վճարելու, որովհետև, թափառական ասպետի զինակիր լինելով, նա ենթարկվում է նույն կանոնադրության, ինչ որ իր տերը, որը թույլ չի տալիս իջևանատներում և պանդոկներում որևէ բանի համար վճարել։ Իջևանատերը լրջորեն զայրացավ և սպառնաց, որ եթե Սանչոն չվճարի, ապա նրա հախիցը կգա իր գիտցած ձևով։ Բայց Սանչոն դրան պատասխանեց, թե հնազանդելով ասպետական կանոնադրության, նա ոչ մի գրոշ չի վճարի, անգամ իր կյանքի գնով, որովհետև նա չի ուզում, որ իր պատճառով պախարակված լինի թափառական ասպետների գեղեցիկ և հին սովորությունը և որպեսզի իրենից հետո աշխարհ եկած զինակիրները չկարողանան դժգոհել իրենից և կշտամբել այնքան արդար օրենքի խախտման համար։

Դժբախտ Սանչոյի չար բախտից իջևանատան կենվորների մեջ չորս տեղացի մահուդագործ կային Պոտրոսից, որ գտնվում է Կորդովում, և էլի երկու սրիկա Սևիլիայից, բոլորն էլ ուրախ, կտրիճ ու հանաքչի տղաներ։ Նրանց բոլորի մտքում միևնույն միտքը ծագեց, և խոսքները մեկ անելով, նրանք