Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈԻԽ XIV
ՈՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ ԶՐՈՒՅՑԸ ԻՐ ՏԻՐՈՋ ՀԵՏ,
ԻՆՉՊԵՍ ԵՎ ԶԱՆԱԶԱՆ ՈՒՐԻՇ ԱՐԿԱԾՆԵՐ,
ՈՐ ԱՐԺԱՆԻ ԵՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ

Սանչոն հասավ իր տիրոջը այնքան ջարդված ու թուլացած, որ ուժը չէր պատում նույնիսկ էշին չու ասելու։ Տեսնելով նրան այդ վիճակում, դոն Կիխոտն ասաց.

— Հիմա ես սկսում եմ հավատալ, իմ բարի Սանչո, որ այդ դղյակը կամ իջևանատունը իրոք կախարդված է։ Որովհետև ովքե՞ր կարող էին լինել քեզ ծաղրուծանակ անող այն էակները, եթե ոչ ուրուներ և այն աշխարհից դուրս եկած ոգիներ։ Դրա հաստատումը ես նրա մեջ եմ տեսնում, որ երբ ցանկապատի վրայով հետևում էի քո տխուր ողբերգության ընթացքին, ես ի վիճակի չէի ոչ միայն ցանկապատի մյուս կողմն անցնելու, այլև անգամ Ռոսինանտից վայր գալու։ Անտարակույս, ինձ հմայել էին։ Որովհետև, երդվում եմ իմ պատվով, եթե միայն ես կարողանայի բակն անցնել կամ իջնել ձիուց, ես քո վրեժն այնպես կլուծեի, որ նրանք ամբողջ կյանքում չէին մոռանա։

Հանկարծ դոն Կիխոտը ճանապարհին նկատեց իրենց դիմաց սլացող ահագին ու թանձր փոշու ամպ։ Տեսնելով այդ, նա ետ դառավ Սանչոյին և ասաց.

— Հասավ այն օրը, օ՜, Սանչո, երբ դու կտեսնես, թե ինչ հաջողություն է պատրաստել ինձ համար բախտը։ Ահա այն օրը, ասում եմ քեզ, երբ իմ բազուկի ողջ զորությունը պիտի հայտաբերվի, և երբ ես կկատարեմ գործեր, որոնք կգրվեն Փառաց մատյանում՝ գալիք սերունդների համար։ Տեսնո՞ւմ ես, Սանչո, փոշու այն ամպը, որ բարձրանում է այնտեղ։ Դա մի ահագին զորք է զանազան, բազմաթիվ ցեղերից, որ մեր կողմն է դիմում։

— Որ այդպես է,— հայտարարեց Սանչոն,— կնշանակի երկու զորք է, որովհետև մյուս կողմից ճիշտ դրա նման մի ուրիշ ամպ էլ է բարձրանում։

Շուռ գալով, դոն Կիխոտը համոզվեց, որ Սանչոն ճիշտ էր ասում։ Եվ ծայր աստիճան ուրախացած, նա, առանց տատանվելու, որոշեց, որ երկու բանակ է շարժվում, որոնք պիտի մոտենան իրար և կռվեն լայնածավալ դաշտում։ Որովհետև ամեն ժամ, ամեն վայրկյան, նրա երևակայության մեջ նկարվում էին մարտեր, կախարդանքներ, արկածներ, սխրագործություններ, սիրային խելագարություններ, որոնց մասին պատմում են ասպետական վեպերը, և նրա բոլոր խոսքերը, գործողություններն ու մտքերը այդ կողմն էին ուղղված։ Իրականում փոշու ամպերը, որ նա նկատել էր, բարձրացրել էին ոչխարների երկու հոտերը, որ առաջ էին շարժվում միևնույն ճամփով հակառակ ծայրերից, բայց փոշին խանգարում էր տեսնել նրանց, մինչև որ նրանք բոլորովին չմոտեցան։ Սակայն դոն Կիխոտն այնքան կրակոտ էր պնդում, թե դա երկու բանակ է, որ Սանչոն ի վերջո ինքն էլ հավատաց և ասաց.