— Բա հիմա ի՞նչ պիտի անենք, պարոն։
— Ի՜նչ անենք,— բացականչեց դոն Կիխոտը,— օգնության հասնենք և պաշտպանենք ավելի թույլ կողմը, որ պաշտպանության կարիք ունի։ Իմացած եղիր, Սանչո, որ մեզ ընդառաջ եկող բանակն առաջնորդում է Ալիֆանֆարոն կայսրը, Տրապոբանա[1] խոշոր կղզու տիրակալը, իսկ մեր հետևից եկող զորքի առաջնորդը նրա թշնամին է, գարամանտների[2] թագավորը, «թևը վեր քաշած» Պենտապոլինը, որը նրա համար է այդպես կոչվել, որ կռվի գնալուց միշտ մերկացնում է իր աջը։
Եվ շարունակելով նույն եղանակով, դոն Կիխոտը բազմաթիվ ասպետների անուններ հիշատակեց, որ գտնվում էին երկու կարծեցյալ բանակներում, յուրաքանչյուրին հատուկ զինանշան, գույն, նշան ու ազդանշան տալով, որ հուշում էր նրան չտեսնված խելագարությունը։
Քանի՜-քանի երկրի անուն տվեց նա, քանի՜ ժողովուրդ հիշատակեց, վայրկենապես ամեն մեկին առանձին հատկություն վերագրելով։ Եվ այս ամենը նա քաղում էր իր կարդացած սուտ վեպերից, որոնցով լի էր նրա գլուխը։
Սանչոն ուշի-ուշով ունկնդրում էր նրան, սիրտ չանելով խոսք անգամ ասելու և միայն մեկ-մեկ գլուխը շուռ էր տալիս, որ տեսնի այն ասպետներին ու հսկաներին, որոնց հիշատակում էր իր տերը։ Բայց որովհետև նրան չհաջողվեց երևան բերել նրանցից և ոչ մեկին, նա վերջ ի վերջո ասաց.
— Ո՞ր ջհաննամն են կորել, պարոն, բոլոր այդ ասպետներն ու հսկաները, որոնց մասին խոսում է ձերդ ողորմածությունը։ Ես, գոնե, նրանցից և ոչ մեկին չեմ տեսնում։ Թե՞ նրանք բոլորն էլ նույնպես հմայված են, ինչպես ուրուները, որ հայտնվեցին մեզ անցած գիշեր։
— Այդ ինչե՜ր ես խոսում դու,— բացականչեց դոն Կիխոտը։— Մի՞թե դու չես լսում ձիերի խրխնջոցը, թմբուկների թնդյունը և եղջերափողերի ձայնը։
— Ես ոչինչ չեմ լսում,— պատասխանեց Սանչոն,— բացի գառան ու ոչխարի մայունից։