ԵՎ ՄԱՄԲՐԻՆԻ ԹԱՆԿԱԳԻՆ ՍԱՂԱՎԱՐՏԻ ՆՎԱՃՄԱՆ ՄԱՍԻՆ,
ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԱՆՑՔ ՈՒ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ,
ՈՐ ՊԱՏԱՀԵՑԻՆ ՄԵՐ ԱՆՀԱՂԹ ԱՍՊԵՏԻՆ
Անձրև մաղեց, և Սանչոն ցանկացավ պատսպարվել մահուդի գործարանի ծածկի տակ։ Սակայն բախտի ծաղրից հետո դոն Կիխոտը այնպիսի ատելությամբ էր լցվել դեպի գործարանը, որ ոչ մի դեպքում չկամեցավ ներս մտնել։ Ուստի ծռվեց դեպի աջ և դուրս եկավ մի ճանապարհ, որը նման էր իրենց այստեղ բերած ճանապարհին։ Շուտով դոն Կիխոտը հեռվում նշմարեց մի ձիավոր, որի գլխին ոսկու պես փայլող ինչ-որ առարկա կար։ Նա դիմեց Սանչոյին․
— Ինձ թվում է, Սանչո, որ յուրաքանչյուր առածի մեջ մի ճշմարիտ բան կա, որովհետև այդ բոլոր առածները ծագել են կյանքի փորձից, իսկ փորձը՝ բոլոր գիտությունների մայրն է։ Հատկապես արդարացի է այն առածը, որ ասում է. մի դուռը փակվեց՝ մյուսը բացվեց։ Ասելս այն է, որ երեկ բախտը փակեց մեր առջև մեր որոնած արկածի դուռը և խաբեց մեզ մահուդի գործարանով, իսկ այսօր այն բաց է անում մի ուրիշ դուռ, որ տանում է դեպի մի այլ և աներկբայելի արկած։ Եթե ինձ չհաջողվի մտնել այս դռնով, մեղքը իմը կլինի և անկարելի կլինի այլևս արդարանալ գիշերվա խավարով։ Ասելս այն է, որ, եթե չեմ սխալվում, մեր դիմաց մի մարդ է գալիս, որի գլխին Մամբրինի սաղավարտն է դրած, հենց այն սաղավարտը, որ ես երդվել եմ ձեռք բերել։
— Մտածեցեք, ձերդ ողորմածություն, թե ինչ եք անում,— պատասխանեց Սանչոն,— ավելի ևս, թե ի՛նչ եք ասում։ Սա էլ երկրորդ մահուդի գործարանը դուրս չգա։
— Գրո՜ղը տանի քեզ,— գոչեց դոն Կիխոտը,— ինչ առնչություն կա սաղավարտի և մահուդի գործարանի միջև։
— Ես ի՞նչ իմանամ։
— Ինչպե՞ս կարող եմ սխալվել, թուլամորթ դավաճան։ Մի՞թե դու