Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չես տեսնում, որ մեր դիմաց ձիավոր է գալիս, տակին աշխետ ձի, գլխին՝ ոսկե սաղավարտ։

— Տեսնելը՝ տեսնում եմ,— պատասխանեց Սանչոն։— Ինչ-որ մարդ է գալիս, էշ նստած։ Էշն էլ իմի պես, մոխրագույն է։ Մարդու գլխին էլ մի փայլուն բան։

— Ահավասիկ՝ Մամբրինի սաղավարտը,— պատասխանեց դոն Կիխոտը։— Մի կողմ քաշվիր և թող ինձ նրա հետ երես առ երես, և դու կտեսնես, թե առանց ավելորդ խոսքերի և ժամավաճառ լինելու ձեռ կգցեմ բաղձալի սաղավարտը։

Հիմա պատմենք, թե այդ ինչ սաղավարտ, ձի և ձիավոր էր տեսել դոն Կիխոտը։ Այդ շրջանում երկու գյուղ կար, որոնցից մեկն այնքան փոքր էր, որ ոչ դեղատուն ուներ, ոչ սափրիչ, իսկ մյուսը, որ հարևան էր, ա՛յս էլ ուներ, ա՛յն էլ։ Մեծ գյուղի սափրիչը սպասարկում էր նաև փոքրիկ գյուղը, որտեղ հենց այդ ժամանակ մի գյուղացի ածիլվելու կարիք ուներ, իսկ մի ուրիշը հիվանդացել և պիտի արյուն առնել տար։

Դրա համար էլ գնում էր այնտեղ, հետն առած պղնձե լագան։ Իսկ որովհետև բախտի բերմամբ ճամփին անձրև էր բռնել, ապա նա, չկամենալով գլխարկը թրջել (երևի նոր էր), լագանը դրել էր գլխին։

Պղնձե լագանը այնքան լավ էր մաքրված, որ փայլում էր կես մղոն հեռավորությունից։ Գնում էր նա մոխրագույն էշով, ինչպես ճիշտ նկատել էր Սանչոն։

Տեսնելով, որ խեղճ մարդը բոլորովին մոտ է, դոն Կիխոտը հարկ չհամարեց նրա հետ խոսակցության բռնվել, այլ սաստիկ արագությամբ, նիզակը ճոճելով, վրա տվեց, մտադրված լինելով խոցել նրա մարմինը։

Սակայն մոտենալով, մեր ասպետը առանց ձին պահելու գոռաց.

— Պաշտպանվի՛ր, թշվառ արարած, կամ թե կամովին տուր ինձ այն, ինչ որ ամենայն իրավամբ ինձ պիտի պատկանի։

Տեսնելով, որ անսպասելի կերպով ինչ-որ տեսիլ հարձակվում է իր վրա, սափրիչը հարվածից խուսափելու համար ավելի լավ բան չգտավ, քան էշից գետին թրմփալ։ Հազիվ էր նա գետնին դիպել, որ եղնիկի ժրությամբ ոտի կանգնեց և ծլկեց այնպիսի արագությամբ, որ քամին էլ նրան չէր հասնի։ Լագանը մնաց ընկած գետնին, և դոն Կիխոտը բավականացավ դրանով։ Նա հրամայեց, որ Սանչոն վերցնի սաղավարտը։

Վերջինս, բարձրացնելով լագանը, ասաց.

— Աստված վկա, վատ աման չի։ Ութը ռեալից պակաս չի արժենա։

Ապա նա մատուցեց տիրոջը, որը իսկույն դրեց գլխին և սկսեց շուռումուռ տալ, որ գտնի դիմակալը։ Սակայն չգտնելով, ասաց.

— Այս սաղավարտի տերը սաստիկ մեծ գլուխ է ունեցել, իսկ ամենավատն այն է, որ սրա կեսը պակաս է։

Սանչոն, լսելով, որ սափրիչի լագանը սաղավարտ են անվանում, չկարողացավ ծիծաղը զսպել։

— Ինչի՞ համար ես ծիծաղում, Սանչո,— հարցրեց դոն Կիխոտը։

— Ծիծաղս գալիս է,— պատասխանեց Սանչոն,— թե ինչ մեծ գլուխ