Այս խոսքերին նա այնքան համոզիչ փաստարկումներ ավելացրեց, որ, վերջապես, պահակախմբի երկրորդ հեծյալն ասաց.
— Թեև մենք այս դժբախտների դատավճիռների լիակատար արձանագրությունները տանում ենք հետներս, բայց հիմա ժամանակ չկա կանգ առնելու, թղթերը հանելու և կարդալու։ Ավելի լավ է, ձերդ ողորմածություն, ինքներդ մոտենաք նրանց և հարցուփորձ անեք։ Եթե նրանք կամենան՝ իրենք կպատմեն ձեզ, իսկ նրանք անշուշտ կուզենան, որովհետև այս տղերքի համար ավելի մեծ բավականություն չկա, քան սրիկայություն անելը և արածի մասին պատմելը։
Ստանալով այս թույլտվությունը (առանց որի նա շատ լավ կարող էր յոլա գնալ), դոն Կիխոտը ձին քշեց խմբի մոտ և առաջին իսկ թիապարտից հարցրեց, թե ի՞նչ մեղադրանքի համար է նա այդ օրն ընկել։
Սա պատասխանեց, որ սիրահարված է եղել։
— Ինչպե՞ս թե։ Միայն դրա համա՞ր,— բացականչեց դոն Կիխոտը։— Եթե բոլոր սիրահարվածներին թիապարտներ դարձնեն, ապա ես վաղուց պիտի թիավարելիս լինեի նավի վրա։
— Ձերդ ողորմածությունն այն սիրո մասին չի խոսում,— պատասխանեց դատապարտվածը։— Իմ սերն այն տեսակ էր, որ ես սիրահարված էի ճերմակեղենով լիքը կողովի վրա և այնպիսի կրքով էի սեղմել նրան կրծքիս, որ եթե արդարադատությունը ուժով խլած չլիներ, ես մինչև օրս հոժարակամ չէի բաժանվի նրանից։ Ես բռնվեցի տեղնուտեղը, ուստի կարիք չեղավ տանջանք գործադրելով հարցաքննել, վճիռը իսկույն հանեցին՝ մտրակով հարյուր հարված տվին մեջքիս, վրան էլ երեք տարի գուրապ։
— Գուրապ ի՞նչ ասել է,— հարցրեց դոն Կիխոտը։
— Գուրապը թիանավն է,— պատասխանեց դատապարտվածը, որ մոտ քսանչորս տարեկան մի տղա էր։