Նույն հարցով դոն Կիխոտը դիմեց երկրորդին, որ տխուր-տրտում էր և բան չասաց։ Նրա փոխարեն պատասխանեց առաջինը․
— Սրան, պարոն, նրա համար են աքսորում, որ դեղձանիկ է եղել, այսինքն՝ երաժիշտ ու երգիչ։
— Ինչպե՞ս թե,— հարցրեց դոն Կիխոտը։— Մի՞թե երաժիշտներին ու երգիչներին թիապարտ են դարձնում։
— Այո, պարոն,— պատասխանեց դատապարտվածը,— ավելի վատ բան չկա, քան վշտից երգելը։
— Իսկ ես հակառակն եմ լսել,— առարկեց դոն Կիխոտը,— «ով որ երգում է՝ նրան դժբախտություն չի պատահում»։
— Սրա բանն ուրիշ է,— վրա բերեց դատապարտվածը,— ով մի անգամ երգի՝ ողջ կյանքում արցունք կթափի։
— Բան չեմ հասկանում,— հայտարարեց դոն Կիխոտը։
Սակայն այստեղ պահակներից մեկն ասաց նրան.
— Պարոն կաբալյերո, այս ամբարիշտների լեզվով՝ վշտից երգերը նշանակում է հարցաքննության ժամանակ խոշտանգումներին չդիմանալը և խոստովանելը մեղքը։ Այս հանցագործին տանջել են, և նա խոստովանել է իր ոճիրը։ Նա անասնագործ է եղել, այսինքն՝ ամեն տեսակ անասուն է գողացել, և երբ որ նա խոստովանել է, նրան վեց տարի թիապարտության են դատապարտել, վրան էլ երկու հարյուր մտրակի հարված հասցրել։ Հետքը նրա մեջքի վրա է արդեն։ Նա մտախոհ է ու վշտաբեկ, որովհետև մյուսները, որ նրա հետ գնում են, արհամարում են նրան, նախատում ու հալածում խոստովանելու համար։ Որ նա սիրտ չի ունեցել ուրանալու, որովհետև, ասում են նրանք, այո-ն նույնքան տառ ունի, որքան և ոչ-ը և յուրաքանչյուր հանցագործի համար շատ ձեռնտու է, որ նրա կյանքն ու մահը կախված են ոչ թե վկաներից կամ փաստերից, այլ սեփական լեզվից։ Ես կարծում եմ, որ նրանք բավական ճիշտ են դատում։
— Ես էլ նույն կարծիքին եմ,— պատասխանեց դոն Կիխոտը։
Ապա նա մոտեցավ երրորդին և նրանից նույն բանը հարցրեց, ինչ-որ առաջին երկուսից։ Սա առանց քաշվելու պատասխանեց.
— Ես դատապարտված եմ հինգ դուկատ չունենալու պատճառով։
— Ես ամենայն սիրով ձեզ քսան դուկատ կտամ, միայն թե ազատեմ այս դժբախտությունից,— գոչեց դոն Կիխոտը։
— Ես նման կլինեմ այն մարդուն,— պատասխանեց դատապարտվածը,— որ հայտնվել է ծովի մեջ, նավի վրա և շատ փող ունի, իսկ ինքը սովամահ է լինում, որովհետև ուտելիք չի գտնում, որ գնի։ Ասելս այն է՝ որ եթե այն միջոցին ես ունենայի այդ քսան դուկատը, որ առաջարկում է ինձ ձերդ ողորմածությունը, ես դրանք կքսեի իմ քարտուղարի գրչին և կթարմացնեի իմ պաշտպանի ուղեղը։
Ամենավերջինը մոտ երեսուն տարեկան մի մարդ էր, շատ հրապուրիչ արտաքինով, թեև շիլ աչքերով։ Նա մնացածների պես չէր կաշկանդված։ Նրա