Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միասին գնանք միևնույն ճամփով։ Մենք կբաժանվենք և յուրաքանչյուրը մենակ կերթա, աշխատելով թաքնվել երկրագնդի ծոցում, որպեսզի Սանտա Հերմանդադի ձեռքը չընկնի, որն անկասկած հետապնդելու է մեզ։ Կարծել, թե մենք կվերադառնանք մեր եգիպտական չարչարանքին, այսինքն՝ մեր շղթաներին, և ճամփա կընկնենք Տոբոսո՝ միևնույն է, թե կարծել, որ հիմա գիշեր է, երբ իրոք առավոտյան ժամը տասն է, և խնդրել մեզնից այդ բանը միևնույն է, թե ծփենու վրա տանձ որոնել։

— Երդվում եմ,— գոչեց դոն Կիխոտը տաքացած,— դոն անպիտան, դոն Խինեսիլյո դե Պարոպիլյո կամ ինչ որ է ձեր անունը, դուք մենակ կերթաք այնտեղ պոչերդ ձեզ քաշած և շղթաներով պատված։

Պասամոնտեն շատ էլ համբերողներից չէր (համ էլ նա նկատել էր, որ դոն Կիխոտի խելքը տեղը չի՝ չէ՞ որ այնպիսի անմտություն էր թիապարտներին բաց թողնելը), ուստի լսելով մեր ասպետի վիրավորական խոսքերը, նա աչքով արեց ընկերներին, և նրանք բոլորն էլ մի կողմ քաշվեցին։ Եվ դոն Կիխոտի վրա քարերի այնպիսի մի կույտ տեղաց, որ նա հազիվ էր ծածկվում վահանով, իսկ խեղճ Ռոսինանտը այլևս խթանները չէր զգում, ասես թե բրոնզից ձուլված լիներ։

Սանչոն թաքնվեց իր էշի հետևը և այդպիսով պաշտպանվեց քարերի կարկուտից, որ տեղում էր երկուսի վրա էլ։ Ինչքան էլ դոն Կիխոտը խույս էր տալիս հարվածներից, սակայն մի քանի քար այնպիսի ուժով դիպան նրան, որ նա վայր ընկավ գետնին։ Վայր ընկնելուն պես նրա վրա հարձակվեց ուսանողը, վերցրեց նրա գլխի լագանը, որով երեք-չորս անգամ խփեց մեր ասպետի մեջքին, հետո տվեց գետնովը և ամանը ջարդուփշուր արեց։ Ապա դատապարտվածները հանեցին նրա հագի բաճկոնը, որ նա զրահի վրայից էր հագնում և ուզում էին գուլպաներն էլ քաշել հանել, բայց ոտքի զրահները խանգարեցին։ Նրանք խլեցին Սանչոյի կապան։ Վերջապես իրար մեջ բաժանելով մնացած ռազմական ավարը, նրանք ցրվեցին, յուրաքանչյուրը մի կողմ, հոգալով միայն, որ կարողանան փախչել ահազդու Սանտա Հերմանդադից և ամենևին չմտածելով տիրուհի Դուլսինեա Տոբոսցու մոտ շղթայակապ գնալու մասին։

Մնացին էշն ու Ռոսինանտը, Սանչոն ու դոն Կիխոտը։ Էշը մնացել էր կանգնած, գլուխը մտախոհ կախ արած և ժամանակ առ ժամանակ թափ տալով ականջները, երևի երևակայելով, որ քարե կարկուտը դեռ չի դադարել, որովհետև նրա ականջները դեռ խշխշում էին։ Ռոսինանտը պառկած էր գետնին, իր տիրոջ կողքին, որովհետև քարերի հարվածները նրան էլ էին տապալել։ Սանչոն, որ զրկվել էր կապայից, դողում էր Սանտա Հերմանդադի ահից, իսկ դոն Կիխոտը խորապես վշտացած էր, որ իր փրկած մարդիկ այսքան վատ վարվեցին հետը։