Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ XIX
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ
ՀՌՉԱԿԱՎՈՐ ԴՈՆ ԿԻԽՈՏԻՆ
ՍՅԵՐՐԱ-ՄՈՐԵՆԱՅՈՒՄ,
ԱՅԼ ԿԵՐՊ ԱՍԱԾ՝ ԱՄԵՆԱՀԱԶՎԱԴԵՊ
ԱՐԿԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՄԱՍԻՆ,
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ԱՅՍ ՃՇՄԱՐԻՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տեսնելով, թե ինչ ցավալի վիճակի մեջ է ընկել, դոն Կիխոտը ասաց իր զինակրին.

— Շատ անգամ եմ լսել ես, որ ստոր մարդկանց լավություն անելը միևնույն է, թե ջուրը ծովն ածես։ Եթե ես հավատայի քո խոսքերին, այս անախորժությունից խուսափած կլինեի։ Բայց քանի որ եղածը եղել է, ապա տոկանք ու աշխատենք խելք ու խրատ սովորել։

— Ձերդ ողորմածությունը խելք ու խրատ կսովորի,— պատասխանեց Սանչոն,— երբ որ ես թուրք դառնամ։ Բայց քանի որ դուք ասում եք, եթե ինձ հավատայիք, այդ աղետից խուսափած կլինեինք, ապա հավատացեք հիմա, և դուք կխուսափեք վատթարագույնից։ Որովհետև Սանտա Հերմանդադի դեմ ձեզ չի օգնի ձեր ասպետությունը։ Սանտա Հերմանդադը բոլոր թափառական ասպետներին կոտրած գրոշով էլ չի գնի։ Ինձ արդեն թվում է, թե նրա նետերը բզզում են ականջիս տակ։

— Դու բնականից երկչոտ ես, Սանչո,— ասաց դոն Կիխոտը։— Բայց որպեսզի դու չասես, թե ես համառ եմ և երբեք չեմ անում այն, ինչ որ դու ես խորհուրդ տալիս, այս անգամ կհետևեմ քո խորհուրդին և կհեռանամ, որ քո ահն անցնի, բայց մի պայմանով միայն՝ դու երբեք, ո՛չ կենդանի, ո՛չ մահից հետո, ոչ ոքի չպիտի ասես, թե՝ ես երկյուղից խույս տվի և նահանջեցի վտանգի առջև, որովհետև ես այդ միմիայն նրա համար եմ անում, որ անսում եմ քո աղերսին։

— Պարո՛ն,— պատասխանեց Սանչոն,— հեռանալը փախչել չի նշանակում, իսկ սպասել թշնամուն, երբ վտանգը գերազանցում է բոլոր ենթադրությունները՝ կատարյալ խելագարություն է։ Խոհեմությունը պահանջում է, որ մարդս այսօր իրեն պահպանի վաղվա համար և մեկ օրում ամեն ինչ թղթի վրա վեր չգա։ Իմացած եղեք, թեև ես տգետ եմ և գեղջուկ, այնուամենայնիվ շատից-քչից գլուխ եմ հանում, թե որն է խելացի վարքը, ուստի մի՛ք ափսոսա, որ լսեցիք իմ խորհուրդը։ Հեծեք Ռոսինանտին, եթե ի վիճակի եք, իսկ եթե չեք կարող, ես կօգնեմ և եկեք իմ հետևից, որովհետև իմ խելքն այնպես է կտրում, որ հիմա ոտքերը մեզ ավելի են հարկավոր, քան ձեռքերը։

Դոն Կիխոտը ոչ մի խոսքով չառարկեց, հեծավ ձին և հետևեց Սանչոյին։ Իրիկնադեմին նրանք հասան Սյերրա-Մորենայի խորքերը, որտեղ Սանչոն ենթադրում էր անցկացնել գիշերը և մնալ մի քանի օր, ինչքան պաշարը հերիք աներ։ Նրանք տեղավորվեցին երկու ժայռի արանքում, կաղնիների տակ՝ գիշերելու։ Սակայն ճակատագիրն այնպես էր դասավորել, որ հռչակավոր գող-ավազակ Խինես դե Պասամոնտեն, որ ազատվել էր կապանքներից դոն Կիխոտի