Էջ:Դոն Կիխոտ.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԳԼՈՒԽ XXI
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՆՉՈՅԻ ԳԼԽԻՆ ԵԿԱԾ
ՆՈՐ ՈՒ ՀԱՃԵԼԻ ԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ

Դուրս գալով բանուկ ճանապարհ, Սանչոն սկսեց որոնել Տոբոսոյի ճանապարհը և հետևյալ օրը հասավ այն իջևանատունը, որտեղ նրան թռցրել էին վերմակի վրա։ Իջևանատունը տեսավ թե չէ, զգաց իրեն օդում, ուստի չկամեցավ ներս մտնել, թեև պետք էր՝ ճաշի ժամանակ էր, և նա սաստիկ ուզում էր տաք կերակուր ուտել, որովհետև երկար ժամանակ միայն սառը բան էր կերել։ Այս անհրաժեշտությունը հարկադրեց նրան մոտենալ դարպասին, բայց նա դարձյալ տատանվում էր՝ նե՞րս մտնել թե ոչ։ Մինչ նա խորհում էր, դուրս եկան երկու հոգի, որոնք նրան իսկույն ճանաչեցին, և նրանցից մեկն ասաց մյուսին։

— Ասացեք, պարոն լիցենցիատ, այս ձիավորը Սանչո Պանսան չի՞, որի մասին մեր արկածախնդրի տնտեսուհին ասում էր, թե ուղևորվել է իր տիրոջ հետ որպես զինակիր։

Սրանք այն քահանան ու սափրիչն էին, որ դատաստան էին տեսել դոն Կիխոտի մատենադարանի հետ, այդ պատճառով էլ հեշտությամբ ճանաչեցին Սանչոյին, որն իրենց գյուղից էր։

Ճանաչելով Սանչո Պանսային և Ռոսինանտին, նրանք մոտեցան, որ դոն Կիխոտից տեղեկություն քաղեն, և քահանան հարցրեց.

— Սանչո Պանսա, բարեկամ, որտե՞ղ է ձեր տերը։

Սանչո Պանսան էլ իսկույն ճանաչեց նրանց, բայց վճռեց թաքցնել, թե ինչ վայրում ու վիճակում է թողել իր տիրոջը։ Ուստի պատասխանեց, թե տերը ինչ-որ տեղ զբաղված է ծայրաստիճան կարևոր գործով, իսկ ինչ գործով, չի կարող ասել, անգամ եթե նրա աչքերը հանելու լինեն։

— Ո՛չ, ո՛չ, Սանչո Պանսա,— ասաց սափրիչը,— եթե դուք մեզ չասեք, թե որտեղ է նա, մենք կկարծենք,— ասենք հիմա էլ արդեն այդ մտքին ենք,— որ դուք նրան սպանել ու կողոպտել եք, քանի որ հեծել եք նրա ձին։ Վերադարձրեք մեզ այդ քնձռոտ ձիու տիրոջը, թե չէ ձեր բանը վատ կլինի։

— Զուր եք սպառնում, ես այն տեսակ մարդ չեմ, որ մարդ սպանեմ և կողոպտեմ։ Թող ամեն ոք մեռնի, երբ որ ճակատին գրած է կամ երբ որ աստված կամենա։ Իմ տերը մնացել է լեռներում և այնտեղ ինչքան քեֆն ուզի թող ապաշխարանք անի։

Եվ առանց շունչ առնելու և կանգ առնելու, նա պատմեց, թե ինչ վիճակում մնաց դոն Կիխոտը և ինչ արկածներ պատահեցին նրան։ Ապա նա ավելացրեց, որ ինքը նամակ է տանում Դուլսինեա Տոբոսցուն՝ Լորենցո Կորչուելոյի աղջկան, որին իր տերը սիրահարված է մինչև ականջները։

Քահանան ու սափրիչը զարմացած մնացին Սանչո Պանսայի պատմությունից։ Թեև նրանք գիտեին դոն Կիխոտի խելագարության մասին, ինչպես գիտեին և այն, թե ինչ տեսակ խելագարություն է այդ, այնուհանդերձ ամեն անգամ, երբ լսում էին նրա մասին, նորից էին զարմանում։ Նրանք խնդրեցին Սանչո Պանսայից, որ ցույց տա դոն Կիխոտի նամակը Դուլսինեա Տոբոսցուն։

Սանչոն ձեռքը տարավ գրպանը, որ հուշատետրը հանի, բայց չգտավ և