Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արհամարհում է իմը, եթե քո արժանիքները կռվի են ելնում իմ դեմ, եթե քո արհամարհանքը ինձ կործանում է բերում,—թեև ես սովոր եմ տառապանքի,— այդ ցավը ես չեմ տանի, քանի որ նա ոչ միայն խորը, այլև տևական է։ Իմ բարի զինակիր Սանչոն քեզ լիակատար հաշիվ կտա, օ՜, խստասիրտ գեղեցկուհի, օ՜, իմ սիրած թշնամի, թե դու ինձ ինչ վիճակի ես հասցրել։ Եթե ինձ օգնության արժանի նկատես, ես քոնն եմ, իսկ եթե ոչ, վարվիր, ինչպես քեզ հաճելի լինի՝ բաժանվելով կյանքից ես հույս ունեմ հագեցնել քո խստասրտությունը և իմ կիրքը։

Մինչ գերեզման ձերդ՝
Վշտակերպ Ասպետ

— Իմ հոր արևը վկա,— բացականչեց Սանչոն, լսելով այս գիրը,— ես կյանքումս ավելի բարձր բան լսած չկամ։ Արմանք ու զարմանք, թե ինչ սիրուն է ձերդ ողորմածությունն իր մտքերն արտահայտում և ինչ ճարպիկ է այդ ամենը հարմարեցրած «Վշտակերպ Ասպետ» ստորագրությանը։ Շիտակ՝ ձերդ ողորմածությունը իսկական սատանա է։ Ինչե՜ր ասես, որ դուք չգիտեք։

— Իմ գործում,— պատասխանեց դոն Կիխոտը,— ամեն բան պիտի իմանաս։

— Դե հիմա,— շարունակեց Սանչոն,— հետևին մի ստացական գրեցեք երեք քուռակների մասին և ինչքան կարելի է պարզ ստորագրեցեք, որպեսզի ամեն ոք, տեսնելուն պես, իսկույն ձեր ձեռքը ճանաչի։

— Սիրով,— պատասխանեց դոն Կիխոտը և, գրելով, կարդաց հետևյալը.

«Կարգադրեցեք, ձերդ ողորմածություն, սիրելի զարմուհիս, հանձնել իմ այս առաջին կտրոնը ներկայացնող իմ զինակիր Սանչո Պանսային երեք քուռակ այն հինգից, որ ես մեկնելով թողել եմ և հանձնել ձերդ ողորմածության հոգատարությանը։ Այդ երեք քուռակներին հրամայում եմ հանձնել նրան ի տրիտուր այստեղ նրանից ստացածս երեք այլ քուռակների։ Այդ անելուց և նրանից գրություն ստանալուց հետո՝ նրա մեզ հետ ունեցած հաշիվները պետք է փակված համարել։ Գրված է Սյերրա-Մորենայի խորքերում, սույն ընթացիկ տարվա օգոստոսի 22-ին»։

— Հրաշալի՜ է,— ասաց Սանչոն,— իսկ հիմա, ձերդ ողորմածություն, ստորագրեցեք։

— Ստորագրելու կարիք չկա,— առարկեց դոն Կիխոտը,— բավական է, որ տակին խազ քաշեմ, դա միևնույն է, թե ստորագրություն է, և հերիք է ոչ թե երեք, այլ երեք հարյուր քուռակ ստանալու համար։

— Գիտե՞ք, ձերդ ողորմածություն, թե ինչից եմ վախենում ես,— հարցրեց Սանչոն։— Սա այնպիսի խուլ տեղ է, որ ես, գուցե թե, ետ գալուց ճանապարհը չգտնեմ։

— Իսկ դու մտքումդ լավ պահիր նշանները,— պատասխանեց դոն Կիխոտը,— ես էլ կաշխատեմ այստեղից հեռու չգնալ և ժամանակ առ ժամանակ կբարձրանամ ամենաբարձր ժայռերի վրա, որ տեսնեմ՝ վերադառնո՞ւմ ես դու արդյոք։

Սանչոն հեծավ Ռոսինանտին և, դոն Կիխոտից ստանալով պատվեր՝ խնայել ու խնամել ձիուն, ինչպես իրեն, ուղևորվեց դեպի դաշտավայրը և շուտով անհետացավ։