Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրված, իսկ վերջում ասված էր. «Մինչև գերեզման ձերդ՝ Վշտակերպ Ասպետ»։

Քահանային ու սափրիչին բավական զվարճություն պատճառեց Սանչոյի լավ հիշողությունը։ Նրանք խնդրեցին, որ Սանչոն երկու անգամ էլ կրկնի նամակը, որպեսզի իրենք անգիր հիշեն և ժամանակին գրի առնեն։

Սանչոն երեք անգամ էլ կրկնեց և դարձյալ հազար ու մի դատարկ բաներ ասաց։

Ապա նա պատմեց իր տիրոջ գործերից։ Սակայն վերմակի վրա իր վեր-վեր թռչելու մասին այս իսկ իջևանատանը, որտեղ այնքան չէր ուզում մտնել, նա ոչ մի խոսք չասաց։

Մեր բարեկամները երկար ու բարակ խորհրդակցեցին, թե ինչ անեն, որ իրենց նպատակին հասնեն և ի վերջո քահանայի գլխով մի միտք անցավ, որ լիովին դոն Կիխոտի ճաշակով էր և շատ հարմար իրենց ձեռնարկած գործին՝ նա հայտնեց սափրիչին, որ մտածել է թափառական աղջկա զգեստ հագնել, իսկ սափրիչը պետք է զինակիր ներկայանա։ Այդ կերպ նրանք կգնան լեռները, դոն Կիխոտի մոտ։ Քահանան վիրավորված և անպաշտպան աղջկա տեսք կընդունի, կխնդրի դոն Կիխոտից շնորհ անել իրեն, և նա, իբրև արի թափառական ասպետ, չի կարողանա մերժել։ Իսկ այդ շնորհը այն կլինի, որ դոն Կիխոտը նրա հետևից գնա ամենուր և վրեժխնդիր լինի վիրավորանքի համար, որ հասցրել է նրան մի չար ասպետ։

Սափրիչը հավանություն տվեց քահանայի ծրագրին, և նրանք իսկույն ձեռնամուխ եղան այն ի կատար ածելու։

Նրանք խնդրեցին իջևանատան տիրուհուց մի շրջազգեստ և գլխաշոր, գրավ թողնելով քահանայի փարաջան։ Սափրիչը իր համար մորուք շինեց եզան պոչի շեկ մազերից։ Իջևանատիրոջ կինը քահանային այնպես զուգեց, որ ավելի լավ անհնարին էր։

Հազիվ էին նրանք մի քիչ հեռացել իջևանատնից, որ քահանայի մտքովն անցավ, թե նրանք վատ բան են անում, որ այդպիսի շորերով ման են գալիս, որովհետև վայել չէ հոգևոր անձին կնոջ զգեստ հագնելը, անգամ ամենալավ դիտավորությամբ։ Նա, այդ ասելով, խնդրեց սափրիչին, որ նրանք իրենց շորերը փոխեն, որովհետև շատ ավելի վայելուչ է, որ նա աղջիկը լինի, իսկ զինակիր՝ քահանան։

Սափրիչը համաձայնեց կատարել քահանայի ցանկությունը, և քահանան, շարադրելով նոր ծրագիր, սկսեց խրատել, թե անպաշտպանը ինչպես պետք է պահի իրեն և ինչ խոսքեր ասի, որպեսզի դոն Կիխոտին կարողանան դրդել և հարկադրել հետևելու իրենց և լքել այն որջը, որ նա ընտրել է իր ապարդյուն ապաշխարանքի համար։

Սանչոն ասաց նրանց, թե ավելի լավ կլինի, եթե ինքն առաջ ընկնի և հաղորդի դոն Կիխոտին նրա սրտի տիրուհու պատասխանը։ Գուցե հենց այդ բավական լինի նրան այնտեղից հանելու համար և քահանային ու սափրիչին անհանգստանալու կարիք չի լինի։

Բարեկամները հավանություն տվին Սանչոյի մտքին և վճռեցին կանգ առնել ու սպասել նրա վերադարձին, որպեսզի տեղեկանան, գտե՞լ է նա արդյոք իր տիրոջը։